Մեկնաբանություն

03.03.2020 13:23


Մարտի մե՞կ, կարմիր ուղեգո՞րգ, թե՞ «քյոհնա քեֆ»

Մարտի մե՞կ, կարմիր ուղեգո՞րգ, թե՞ «քյոհնա քեֆ»

Նույնիսկ դժվար է միարժեքորեն ասել, թե ի՛նչն ավելի տհաճ նստվածք ու տպավորություն թողեց. Մարտի 1-ի զոհերի հիշատակին Մյասնիկյանի արձանի մոտ ծաղկեպսակ դնելու ժամանակ փռված կարմիր ուղեգո՞րգը, թե՞ նույն օրվա երեկոյան «քյոհնա քեֆչիների նման» Ծաղկաձորի ռեստորաններով շրջելը: Չնայած, երկու երևույթն էլ հավասարապես վանող էին:

Կարմիր ուղեգորգը: Հնարավոր է, դա վարչապետի աշխատակազմի արարողակարգի համար պատասխանատուների կոպիտ վրիպումն էր: Որովհետև, ի՞նչ է նշանակում կարմիր ուղեգորգի վրայով մոտենալ արձանին սգո խորհրդանիշ ծաղկեպսակ դնելու, խոնարհվելու համար: Գոնե տարածքը ցեխի ու տիղմի մեջ կոլոլված լիներ, էլի կարելի էր դժվարությամբ, բայց ինչ-որ կերպ հասկանալ: Չէ՛, բայց դա ի՞նչ ընկալում է, էլի, ախր ո՛չ ինչ-որ կինոփառատոն է, ո՛չ գոնե դրական առիթ: Ո՞վ է սգո ու հիշատակի արարողության ժամանակ տանում ու կարմիր ուղեգորգ փռում: Որ ի՞նչ, էլի, որ վարչապետի կոշիկի ներբանը հողին չդիպչի՞:

Դուք որտե՞ղ, ո՞ր ասիական երկրում եք նման բաներ տեսել ու սովորել:

Լսեք, իսկ կարո՞ղ է Ապրիլի 24-ին էլ Ծիծեռնակաբերդում նման մի անհամություն անեք՝ Հիշատակի պուրակից մինչև Անմար կրակը կարմիր ուղեգորգ փռեք: Թե նման մտքեր ունեք, ապա դիմեք ԱԳ նախարարին, նա ձեզ համար էլ Աստվածաշնչից մի լակոնիկ մեջբերում կանի...

Բայց հարցը միայն արարողակարգի համար պատասխանատուներին չի վերաբերվում:

Վերջին հաշվով, վարչապետ Փաշինյանն ինքն էլ կարող էր կռահել, որ այդտեղ կարմիր ուղեգորգի տեղը չէ, որ դա իրեն ծառայամտորեն մատուցված օճառ է՝ ոտքի տակ: Ինքն էլ, ախր, գրեթե ամբողջ կյանքը հանրային կարծիքի ու ընկալման դաշտում եղած գործիչ է: Կարող էր, ի վերջո, իրեն բնորոշ զգացմունքայնությամբ բռնկվել ու ասել՝ էս ի՞նչ կարմիր ուղեգորգ եք էստեղ փռել, շո՛ւտ վերացրեք:

Բայց չէ՜... Քայլեց վրայով ու՝ ոչինչ: Ոչի՞նչ:

Իսկ ինչպե՞ս էր, որ անցած բոլոր տարիներին առանց կարմիր ուղեգորգի էին ծաղիկներ ու գլուխ խոնարհում նույն առիթով, նույն վայրում: Կասեք, թե այն ժամանակ վարչապե՞տ չէր, այլ ընդդիմադիր գործի՞չ: Իբր՝ կարգավիճակը պարտավորեցնո՞ւմ է: Շատ ծանծաղ հակափաստարկ է դա: Նախ, անցած տարի՝ 2019-ի մարտի 1-ին էլ էր Փաշինյանը վարչապետ, իսկ կարմիր ուղեգորգ չկար: Երկրորդ, հապա ուր մնացին պոպուլիստական բացականչությունները, թե՝ ես ձեզանից մեկն եմ, թե՝ իմ վարչապետ դառնալով, ձեզանից ամեն մեկն է վարչապետ դարձել...

Դե, իսկ իշխանավարման ընդամենը երկրորդ տարում, արդեն առանձին կարմիր ուղեգո՜րգ հատուկ վարչապետի համար, իսկ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու եկած մնացած մարդիկ՝ առանձին, սովորականի պես, հողի վրայով:

Իսկ մյուս կողմից երևի ինչ-որ չարագուշակ խորհրդանշական բան կա այդ պատկերի մեջ. 2008-ի մարտի 1-ին կատարված արյունալի ողբերգության համար պատասխանատվության որոշակի բաժին ունեցած ու այդ ամենի վրա նաև քաղաքական կարիերա կառուցած գործիչը թերևս պիտի հենց կարմիր ուղեգորգի վրայով քայլեր զոհերի հիշատակին դրված ծաղկեպսակի մոտ գլուխ խոնարհելու համար:

Առհասարակ, վշտի ցուցադրականությունն, ինչ-որ պահից սկսած, վերացարկում է այդ վիշտը, այն վերածում արարողության: Ու արարողություն էլ տեսանք:

Իսկ նույն օրվա երեկոյան տեսածն ավելի լավ է ընդհանրապես ոչ մեկը տեսած չլիներ: Մարտի 1-ի երեկոյան: Այն օրը, որ ընդամենը մի քանի տարի առաջ այս մարդիկ առաջարկում էին սահմանել որպես սգո և հիշատակի օր:

Եվ այդ օրվա երեկոյան Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի ռեստորաններում է շրջում և լուսանկերներ է հրապարակում, թե՝ «քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»...

Դե, հա՛: Ծաղկաձորի զբոսաշրջային բիզնեսի և գործարարների գլխին «կորոնավիրուս» ու այդ վարակի խուճապ բերելուց հետո, երևի քաջալերել է պետք նրանց: Բայց ամենևին պարտադիր չէր ռեստորանային լուսանկարներ անել ու տարածել...

Չնայած, ով ինչ անի՝ իրեն կանի: Հնուց եկած մեծական դիտարկում է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը