Քաղաքական

03.03.2020 16:00


Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու պաշտպանների միջնորդությունների մասին որոշումը։

Դատարանը որոշեց միջնորդությունների լուծումը հետաձգել, մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը՝ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտմամբ։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում պաշտպան Հայկ Ալումյանն օրինակ էր բերել հայտնի 7-ի գործը։ Դիմելով դատարանին՝ նա ասել էր․ «Խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք սույն գործով ամբաստանյալների նկատմամբ օրենքը կիրառել այնպես, ինչպես Փաշինյանի նկատամբ կիրառվեց Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք»։

Պաշտպանական կողմն ընդգծել էր, որ նախկինում գործող Քր․ դատ․-ի 300 հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին։ Հետագայում օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդունվեց 300․1 հոդվածը, որը, չնայած որ նոր հանցակազմ է պարունակում, նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանները հիմնավոր կասկած ունեն դատավորի անաչառության հարցում։

Նշենք, որ ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա ներկայացված այս միջնորդությունն ստացվել է դատարան դեռևս հունվարին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ Հայկ Ալումյանը մեջբերեց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, նաև Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսումների սղագրությունը, որտեղ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանքի հարցը։ Բացի այդ, պաշտպանն ուշադրություն հրավիրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում այն հայտարարությանը, թե «այսօրվա իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»։

Ալումյանի խոսքով, ակնհայտ է, որ նման պարագաներում Դանիբեկյանը իշխանությունների տեսանկյունից հենց այն դատավորն է, որն իշխանությունների իղձերը անվերապահորեն պիտի իրականություն դարձնի։

«Այսօրվա քաղաքական իշխանությունները չեն թաքցնում, որ ուզում են Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Իսկ ԲԴԽ նախագահը հայտարարում է, որ այդ նույն իշխանություններն ուզում են ունենալ Աննա Դանիբեկյանի ու Արմեն Դանիելյանի նման դատավորներ»,-ասաց Ալումյանը, ընդգծելով, որ այսքանից հետո Աննա Դանիբեկյանը չի կարող շարունակել լսել սույն գործը և պետք է ինքնաբացարկ հայտնի։

Դատավորին բացարկի առանձին միջնորդություն ներկայացրեց նաև պաշտպան Արամ Վարդևանյանը։ Միջնորդությանը միացան պաշտպան Հովհաննես Խուդոյանն ու մյուս ամբաստանյալների պաշտպանները։

***

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մարտի 6-ին, ժամը 17։45-ին։

Այս խորագրի վերջին նյութերը