Մեկնաբանություն

04.03.2020 21:25


Ագրեսիվ քարոզչության զոհերը նախ իրենք են ընկնում, հետո տապալում են հասարակությունը

Ագրեսիվ քարոզչության զոհերը նախ իրենք են ընկնում, հետո տապալում են հասարակությունը

Այլ բան որ չլիներ, միայն վարակի սպառնալիքն ու վարակվելու հավանականության վախը հերիք է, որ մարդ նախընտրի հանրային տրանսպորտի այն տեսակը, որ ավտոբուսը չէ, միկրոավտոբուսը չէ, այլ՝ տաքսին: Մանավանդ, Երևանում, որտեղ միջին վիճակագրական ուղեվարձը պլյուս-մինուս 1000 դրամ է:

Տարիքն առած մարդ էր վարորդը: Խնամված, հարմարավետ ճապոնական արտադրության մեքենայի ղեկին: Հեռուստացույց էլ կար, լուրեր էր նայում կամ լսում: Ասացի, թե ուր եմ ուզում գնալ: Միանգամից բարձր գին կրակեց: Շտապում էի, չշտապեի էլ՝ սակարկելու սովորություն չունեմ: Լայն ժպտացի ու՝ գնացի՜նք, հոգ չէ:

Չնայած, վաղուց եմ նկատել, որ եթե տաքսու վարորդը բողոքում է թալանից, հիմա՝ «նախկինների թալանից», «փայ մտնելուց», անարդարություններից ու թունդ ճառեր է ասում, ուրեմն հաստատ «գին կրակող» է: Տաքսու նման վարորդների հանդիպելիս, առհասարակ, ձգտում եմ հնարավորինս ուշադիր լինել թե՛ ճանապարհի անցուդարձին ու երթուղու ընտրության հարցում, թե՛ անձնական իրերիս՝ հեռախոս, պայուսակ: Նման անձանցից ինչ ասես՝ կարելի է սպասել:

Թարսի պես, լուրերով «այո» ու «ոչ»-ի մասին էին ինչ-որ սյուժե հաղորդում: Ու այս վարորդը, թե՝ «ո՞նց կարան «ոչ» ասեն...»:

Տեսավ չեմ արձագանքում, ոգևորվեց, արդեն ուղիղ է դիմում՝ «դու պատկերացնո՞ւմ ես, որ «ոչ» ասեն»:

Անկեղծորեն պատասխանեցի, որ ոչ միայն պատկերացնում եմ, այլև ինձ լրիվ հասկանալի է այդ մարդկանց հիմնավորված դիրքորոշումը: Չնայած, ինքս ընդհանրապես չեմ գնալու, այսպես ասած՝ բոյկոտելու եմ կամ անտեսելու...

Վարորդը բռնկվեց ու... «Ոչ ասողները մոլորվածներ են, ազգի դավաճաններ ու թուրքեր են...»:

Խնդացի՝ հորդորելով կողմնորոշվել, հիմա իր ուղևորը, այսինքն՝ ես, մոլորվա՞ծ եմ, ազգի դավաճա՞ն, թե՞ թուրք...

Բնականաբար, պահանջեցի, որ «աջ քաշի» կանգնի, չնայած դեռ ճանապարհի կեսն էլ չէինք անցել: Նա թե՝ իջնո՞ւմ ես: Ասացի՝ հա, բա ի՞նչ անեմ, մի՞թե ձեզ պես զտարյուն, արդարակյաց ու ազնվաբարո հային, հայրենիքի նվիրյալ տաքսու վարորդին վայել է ազգի դավաճանի և թուրքի տեղափոխել: Բա որ հետո ձեզ հեղափոխական դատարանը քառատման դատապարտի՞...

Ուզում էր ինչ-որ բան ասել, բայց մեքնայից ելա, Չարենցի պատկերով թղթադրամը գցեցի նստարանին, ու՝ շա՜տ բարի ճանապարհ մաղթեցի:

Հասկանալի է, իհարկե, որ նման անձինք «մենակ չեն, մենակ չեն, մենակ չեն»: Բայց անկեղծ, խղճահարություն են հարուցում: Ինչպե՞ս կարող է մարդն ապրել՝ ներսում այդքան չարություն, մաղձ ու ատելություն կուտակած: Այնքան կուտակած, որ ռոբոտի նման կրկնի այն, ինչ անխղճորեն իր լսելիքի ու մտածելիքի վրա ցողում են իշխանական քարոզիչները, այսինքն՝ որ իրենցինից տարբերվող բան ասող հայերը «թուրք են, ազգի դավաճան...»: Նմանները, առանց երկմտելու կարող են և՛ հարևանին մատնել, և՛ անգամ բարեկամի սպանել: Դա պարզ է: Բայց այդքան չարացած մարդիկ կամ հենց թեկուզ այդ տարեց մարդն, օրինակ, ո՞նց է թոռների ու տնեցիների հետ շփվում:

Թեպետ, այս ի՜նչ եմ ասում, ո՞նց են թոռնատեր, եկեղեցիների ֆոնին կամ ներսում՝ մոմ վառելու նկարներ ունեցող տատիները մտնում սոցցանցեր ու... ջադուական անեծքներ տալիս, աղբավայրը պրպտող բոմժերից էլ վատ հայհոյանքներ ստեղնաշարում:

Իսկ գիտե՞ք՝ ինչ է լինելու ապրիլի 5-ից հետո: Որպես գաղտնիք, ասեմ, որ գալու է ապրիլի 6-ը:

Կյանքը կանգ չի առնելու, իհարկե: Բայց, այ, ինչպես տարիներով ոմանց ցփնած, այնպես էլ այս ընթացքում ավելի ինտենսիվ իշխանության ներկայացուցիչների ու քարոզիչների կողմից բխեցրած թույնն ու ատելությունը իրենց սև գործն անելու են:

Չարությամբ ու մաղձով լցված մարդիկ առաջինը, ինչ կորցնում են, իրենց մարդկային նկարագիրն է, երկրորդը՝ ինքնուրույն դատելու ունակությունը, երրորդը՝ այլ տեսակետ կամ կարծիք լսելու անընկալունակությունը:

Այնպես որ, ագրեսիվ քարոզչության զոհերն առաջինն իրենք են ընկնում, իսկ հետո՝ տապալում են հասարակությունը: Եվ, եթե այդ ընթացքում որևէ բանից չեն ցնցվում ու չեն սթափվում, կարող են շատ հանգիստ պետությունն էլ կործանել:

Մենք, ցավոք, թափով շարժվում ենք այդ ուղղությամբ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը