Քաղաքական

04.03.2020 17:27


ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում Թուրքիան որևէ դեր չի կարող ունենալ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում Թուրքիան որևէ դեր չի կարող ունենալ. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ և քննարկել որոշ հարցեր Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա հետաքրքրվեց, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել, թե ինչ են քննարկել և որոնք են մեր քայլերը:

Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշեց, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների միջազգային կազմակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության: «Այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա, դրանք պլանային են, և Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են իրենց գործառույթները»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ամբողջովին վստահելով համանախագահներին՝ շատ լավ գիտեն այդ պլանի մասին և թե ինչ մոտեցումներով են նրանք աշխատում, քանի որ մենք ենք աշխատում նրանց հետ: «Սա առաջին հանդիպումը չէ, սա նորմալ բնականոն աշխատանք է, մենք որևէ մտահոգություն չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին: Գուցե տարբերությունը նրանումն է, որ եղավ Թուրքիայի կողմից մեկնաբանություն. եթե անկեղծ լինենք. չկար մի բան այդ մեկնաբանությունում, որ նախկինում չենք լսել»,-ասաց նա և նշեց, որ դրան ի պատասխան ԱԳՆ–ն հանդես եկավ իր մեկնաբանությամբ:

ԱԳ նախարարը նշեց, որ Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ: Արձագանքելով՝ Տարոն Սիմոնյանը նկատեց, որ շատ դիվանագիտական պատասխան էր: «Ես Ձեր հանգստությունը կկիսեի, եթե տարածաշրջանային այս իրադարձությունների բովում տեղի չունենար այս հանդիպումը և որպես արտաքին քաղաքականության ուղեգիծ չնշմարվեր Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից»,- ասաց նա և նշեց, որ մեր արտաքին գերատեսչությունն ինչ գործեր պետք է ծավալի, որ Թուրքիան իր ցանկություններն Արցախի հիմնախնդրի հետ կապված չբարձրաձայնի, քանի որ այն, ինչ ասում է նախարարը, ասվել է տարիներ շարունակ:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իր պատասխանը ոչ թե դիվանագիտական էր, այլ հստակ: «Եթե մի կողմը բարձրաձայնում է, և եթե սպասում եք, որ այդ բարձրաձայնումն իմ կողմից պետք է դրդի բղավել՝ ոչ: Ես նորից կրկնեմ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ: Եթե ուզում եք ավելի էմոցիոնալ ձևով ասեմ դա, ես դա չեմ անելու»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը