Քաղաքական

04.03.2020 20:49


Freedom House-ը Հայաստանը կրկին մասամբ ազատ երկիր է ճանաչել

Freedom House-ը Հայաստանը կրկին մասամբ ազատ երկիր է ճանաչել

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցը, որում նշվում է, որ կայացած ժողովրդավարություններն անկում են ապրում:

«Չնայած յուրաքանչյուր տարածաշրջանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին՝ ողջ աշխարհում 14 տարի անընդմեջ վատթարացում է նկատվում քաղաքական իրավունքի և քաղաքացիական ազատությունների ասպարեզում»,-ասվում է զեկույցում:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Հայաստանը մասամբ ազատ երկիր է, որը 100-ից 53 միավոր է ստացել ազատության գնահատման համակարգում: 53 միավորից 21-ը բաժին է ընկնում քաղաքական իրավունքին, 32-ը՝ քաղաքացիական ազատություններին: Նախորդ տարվա ցուցանիշից տարբերությունը մեծ չէ: 2019թ. Freedom House-ը Հայաստանը կրկին «մասամբ ազատ» երկիր էր ճանաչել՝ 51 միավորով:

«Հայաստանը գտնվում է նշանակալի անցումային շրջանում 2018թ. տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերից և ընտրություններից հետո: Նոր կառավարությունը զբաղվում է երկարաժամկետ խնդիրների լուծմամբ, այդ թվում՝ համակարգային կոռուպցիայի, ոչ թափանցիկ քաղաքականանության, ընտրական համակարգի և օրենքի ուժի թուլության»,-ասվում է զեկույցում:

Լեռնային Ղարաբաղը նույնպես մասամբ ազատ է ճանաչվել՝ ստանալով 34 միավոր 100-ից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը