Քաղաքական

05.03.2020 00:12


Չեղարկվել է Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան. Մոսկվայի կոշտ արձագանքը

Չեղարկվել է Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան. Մոսկվայի կոշտ արձագանքը

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։

Այցը նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։

Հայկական կողմի բոլոր փորձերը՝ ապրիլին պլանավորված այցը կայացնել, հանդիպել է սառը և կոշտ մերժման։ Դրանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ բացասական է գնահատում այն, որ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ է հարուցված ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ և ՀՀ իշխանություններն անգամ չեն ուզում նրա խափանման միջոց կալանքը փոխել։ Եվ դա այն դեպքում, երբ ՌԴ նախագահը բազմիցս ուղղղակի և անուղղակի ձևով ցույց է տվել իր վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։

Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանի այցի չեղարկման որոշումից հետո պրոկրեմլյան «Կոմերսանտ» թերթը շատ խոսուն վերնագրով և բաց տեքստով է գրել, որ հայ–ռուսական ներկա հարաբերություններում անկյունաքարային է Քոչարյանի թեման։ Պուտինի համար դա զգայուն հարց է ինչպես մարդկային–ընկերական, այնպես էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական առումներով։ Փաշինյանը դա գիտի, սակայն ինչ–ինչ պատճառներով ընդառաջ չի գնում ռուսական հորդորներին։

Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանն իր անձնական հավակնություններն ու նեղ քաղաքական շահերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական այլ կենտրոններին հաճոյանալն ավելի վեր է դասում հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններից։ Եվ դա տարածաշրջանում սրվող զարգացումների ֆոնին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը