Քաղաքական

05.03.2020 11:16


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:

Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:

Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները:

Այս խորագրի վերջին նյութերը