Քաղաքական

12.03.2020 09:56


Նոր կրքեր՝ քաղաքապետարանում․ որտե՞ղ է Մարությանն անցկացնում իր արձակուրդը. «Ժողովուրդ»

Նոր կրքեր՝ քաղաքապետարանում․ որտե՞ղ է Մարությանն անցկացնում իր արձակուրդը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները և այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «ԱՅՈ»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատև արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ: Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը հայտնի չէր, քանի դեռ չէր հրապարակվել ավագանու նիստ գումարելու մասին որոշումը, որը ստորագրել է այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված քաղաքապետի արձակուրդը: Պարզվեց` Կարապետյանը ևս գտնվում է արձակուրդում, բայց պատասխանեց. «Արձակուրդը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն նա հրաժարվեց ասել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում իրավիճակը հանգիստ չէ, և անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անթաքույց ամբողջ կազմով չի մասնակցում ավագանու նիստերին, շատերն էլ կեսից հեռանում են` ցույց տալով իրենց վերաբերմունքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը