Լրահոս

12.03.2020 12:20


Խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ, բանտերում առողջության համար վտանգավոր պայմաններ. ԱՄՆ պետդեպը գնահատել է 2019թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

Խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ, բանտերում առողջության համար վտանգավոր պայմաններ. ԱՄՆ պետդեպը գնահատել է 2019թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ է արվում երկրի պետական կառուցվածքին և վերջին խորհրդարանական ընտրություններին:

Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի զեկույցում նշվում է, որ Հայաստանում մարդու իրավունքների գլխավոր խնդիրներն են խոշտանգումները, կամայական ձերբակալությունները, բանտերում առողջության համար վտանգավոր պայմանները, ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ ոտնձգությունները, երեխաների աշխատանքային շահագործումը:

Նշվում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նմանատիպ հանցագործությունները չեզոքացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է դատական իշխանության ազատությունը, ապա զեկույցի հեղինակները նշում են, որ միշտ չէ, որ դատական համակարգը կիրառում է ազնիվ և հանրային դատավարության սահմանադրական իրավունքի իրագործումը:

Զեկույցում անդրադարձ է արվել նաև բանակին: Նշվել է, որ ՀՀ ՊՆ-ն ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել բանակում զոհված զինծառայողների մասին: Այս առնչությամբ հիշատակվել է հունվարի 1-ին Սյունիքի մարզում ենթադրաբար ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը: Փետրվարի 12-ին պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ զինծառայողի մահը կապված չի եղել նրա ծառայության հետ, այդ իսկ պատճառով դրա մասին չի տեղեկացվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նախորդ տարվա զեկույցում անդրադարձ էր կատարվել մարդու իրավունքների հարցերին, մասնավորապես՝ կտտանքներ, ծանր, կյանքի համար վտանգ ներկայացնող բանտային պայմաններ, կամայական ձերբակալում և բերման ենթարկում, լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն, հավաքների ազատության իրավունքին անվտանգության ուժերի ֆիզիկական միջամտում, քաղաքական գործընթացներին մասնակցության սահմանափակումներ, կառավարությունում կանոնավոր կոռուպցիա, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հանցագործություններ, այդ թվում՝ բռնություն և սպառնալիքներ, սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ ոչ մարդկային, տգեղ վերաբերմունք, մանկական աշխատուժի շահագործման վատագույն ձևեր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը