Մեկնաբանություն

13.03.2020 10:40


«Ոչ» ասել հանրաքվեին` նշանակում է «այո» ասել պետությանը և պետականությանը

«Ոչ» ասել հանրաքվեին` նշանակում է «այո» ասել պետությանը և պետականությանը

Փաշինյանի «ինքնավստահության» հանրաքվեի` սահմանադրական ինստիտուտներն, ի դեմս Սահմանադրական դատարանի, մեծ հաշվով`դատական իշխանության, վերջնականապես փոշիացնելու քարոզարշավը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ մեր հասարակությունը հիվանդ է. կորցրել է դիմադրողականությունը և վտանգի զգացողությունը, սթափ դատելու, իրավիճակը համարժեք գնահատելու, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու կարողությունը։ Իսկ հիվանդ հասարակությունն ապագա չունի և չի կարող կենսունակ լինել։

Փաշինյանն, ըստ էության, չէր սխալվում` ասելով, որ «կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։ Ոչ միայն կառավարման համակարգը` հանրային «օրգանիզմի» նիկոլավիրուսով չախտահարված առողջ բջիջները տարերայնորեն, այսպես ասած` «ինքնահոսով» ընդվզում են պետության հիմքերը սասանող տոտալ անպատասխանատվության, քաղաքական և իրավական բեսպրեդելի դեմ։ Բայց չկա այն կազմակերպված ուժը, թե կուզեք` ուղեղային կենտրոնը, որ կարողանա ուղղորդել, համակարգել այդ բնական ընդվզումը և չեզոքացնել ապրիլյան «թավշյա, ոչ բռնի հեղաշրջմամբ» համակարգում ներդրված ինքնաոչնչացման մանրէի «հակահամակարգային ագրեսիայի» ռիսկերը։

Թվում էր` երկու տարին քիչ չէր ուշքի գալու համար` հասկանալու, թե ինչ «մեծ ղալաթ» արեց «հպարտ» կոչեցյալ գորշ (փոխարենը`«դուխով»), զանգվածը, որին ստիպում են եւս մեկ` արդեն երրորդ թե չորրորդ անգամ «այո» ասել գրված ու չգրված բոլոր օրենքների, մարդկային ու բարոյական արժեքների, քաղաքական, քաղաքագիտական կանոնների ժամկետանց «խեղափոխությանը»։

Ավաղ, Նիկոլի «ժողովուրդը»` հոտի վերածված զոմբիացած ուղեղները, արժանի են իրենց «մեսիային»։ Եթե մարդիկ զանգվածորեն չեն մերժում իրենց փաթաթված բացահայտ կեղծ օրակարգը` ինքնակամ կամ թեկուզ «թավշյա» մարզպետների ու համայնքապետերի թելադրանքով գնում, ականջ են կախում Ատելության կուսակցության «առաջնորդի» ատելության քարոզներին` հավատալով, որ «նախկինների վերջին բաստիոնը»` Սահմանադրական դատարանն է բոլոր չարիքների արմատը, և անգամ «կորոնավիրուսի» սպառնալիքը հետ չի պահում նրանց քարոզարշավ-շոուների մաս դառնալուց, նշանակում է` հիվանդությունը չափից ավելի է խորացել. ինքնապահպանման բնազդն այլևս չի գործում։

Այդ տեսակետից պետք է համաձայնել մարզային վոյաժների առաջին օրը` Սյունիքում, Փաշինյանի «արտանետած» այն մտքի հետ, որից նույնիսկ իր կողակից Աննա Հակոբյանի «աչքերը թռան ճակատին», ինչպես ամիսներ առաջ` փարիզյան «բարձրաշխարհիկ» շփումներից մեկի ժամանակ ապշահար եղավ` չկարողացավ թաքցնել զարմանքը, երբ սա ի լուր աշխարհի ստեց, թե «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» հետո արտագաղթը կանգնել է` 90 տոկոս անկում է գրանցել։ Այն է` որ այսօր Հայաստանը վերստին հայտնվել է ճակատագրական ընտրության առաջ. «Սա (այսինքն` ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեն) 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն ա»։

1991թ. սեպտեմբերի 21-ին որոշվում էր` մենք, որպես ժողովուրդ, պատրա՞ստ ենք վերականգնելու մեր պետականությունը` «այո» ասելու անկախությանը, ստեղծելու պետություն, պետական կառույցներ և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը։ Ժողովուրդը միահամուռ ասաց` «այո», բայց դա ինչ-որ տեղ պարտադրված ընտրություն էր. «ոչ» ասելու դեպքում էլ անկախությունը սկուտեղի վրա դրվելու էր մեր սեղանին, ինչպես Բելառուսի, Ադրբեջանի, խորհրդային մյուս «կիսանկախ» հանրապետությունների դեպքում, որոնց մտքով չէր անցնում անկախություն հռչակել, որոշներն անգամ հանրաքվեով «ոչ» ասացին իրենց դուռը թակող անկախությանը։

Ապրիլի 5-ի հանրաքվեն լինելու է այն ցուցիչը` լակմուսի թուղթը, որ ի հայտ է բերելու` որքանո՞վ գիտակցված էր այդ ընտրությունը. մենք պատրա՞ստ էինք, պատրա՞ստ ենք, արժանի՞ ենք 30 տարի առաջ հռչակած մեր անկախությանը, որ Փաշինյանի թեթև ձեռքով համառորեն արժեզրկում ենք` մերժելով բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք այս ընթացքում, փաստացի` «ոչ» ասելով պետության շարունակականությանը, հայտարարելով, որ մինչև 2018-ի «ողբերգական» ապրիլն ինչ եղել է, սխալ է եղել։ Այդ թվում`Արցախյան ազատամարտը, որի «հետևանքներն», ի դեմս Արցախի հանրապետության, «այդ դաշտերի, որոնք մեզ պետք չեն», քարի պես ծանրացել են Նիկոլի և իր կառավարության վրա։

«Այո» ասել ուղնուծուծով հակասահմանադրական այդ հանրաքվեին` նշանակում է «ոչ» ասել անկախությանը և պետություն ունենալու մեր իրավունքին։ «Ոչ» ասել պետականաքանդ այս գործընթացին`նշանակում է «այո» ասել պետությանը և պետականությանը, փաստել, որ «նիկոլավիրուսի» հետևանքով մեր հանրային օրգանիզմում տեղի ունեցած պաթոլոգիկ փոփոխություններն անշրջելի չեն. դեռ շանս կա` կանգնեցնելու հիվանդությունը։

Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ թավշյա մորեխակույտի «ապրիլյան դիվերսիայի» մասին, որ փորձում են անցկացնել «հեղափոխությանն այո ասելու» անվան տակ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը