Մեկնաբանություն

14.03.2020 00:33


Ոչ մի օր` առանց մանիպուլյացիայի և դեմագոգիայի

Ոչ մի օր` առանց մանիպուլյացիայի և դեմագոգիայի

Զարմանալի է, բայց փաստ. «անհատական պատասխանատվության» մասին խոսում է մեկը, ով իր անձնական օրինակով է ցույց տվել և ամեն օր, ամեն ժամ` գործնականում անընդմեջ, ցույց է տալիս` ինչ ասել է տոտալ անպատասխանատվություն, ո՛չ կարող է, ո՛չ ուզում է, ոչ էլ պատրաստվում է անհատական պատասխանատվություն ստանձնել իր արած-չարածի համար։

Ավելին` միակ բանը, որ կարողանում է անել` պատասխանատվությունից խուսափելն է, իր անգործության, անհեթեթ քայլերի, անհաշվենկատ որոշումների պատասխանատվությունը «կոլեկտիվ պատասխանատվությամբ» լղոզելն ու սրա-նրա վրա «խուրդելը»։ Եվ ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեն, որ չգիտենք` կլինի՞, թե՞ չի լինի, ինչպես միշտ, «իրենից չկախված» կորոնավիրուսային հանգամանքների բերումով, անհատական կամ կորպորատիվ պատասխանատվությունը կոլեկտիվ անպատասխանատվությամբ փոխարինելու` «ժողովրդի» վրա սաղացնելու ամենավառ օրինակներից մեկն է։

Կարո՞ղ էին, չէ՞, Ազգային ժողովում ունենալով 88 գլուխ պատգամավոր, հեչի պես անցկացնել Սահմանադրության ուժը կորցրած դրույթը նույն Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ «փոխելու» նախագիծը, բայց վերջին պահին խուսափեցին պատասխանատվությունից. այս դեպքում էլ խորապես թքած ունենալով Սահմանադրության և Հանրաքվեի մասին օրենքի վրա` որոշեցին հարցը դնել «հանրաքվեի» և ժողովրդին դարձնել հանցագործության համակատարող` սահմանադրական կարգը տապալելու պատասխանատվությունը դնել «հպարտ քաղաքացու» փխրուն ուսերին։

Երեկ էլ, ահա, կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր մասնագետ վարչա(հրամայա)պետը փորձեց համաճարակը կանխելու ուղղությամբ համարժեք միջոցներ չձեռնարկելու պատասխանատվությո՛ւնն իրենից գցել. լայվ մտավ ու կոչ արեց «առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվել համաճարակային վտանգին», որից հույս ուներ «թու-թու-թու»-ով պրծնել։

Իբր` կառավարությունը, առողջապահության նախարարությունը և անձամբ ինքը ձեռքից եկածն արել են` կանխելու վիրուսի առաջխաղացումը «թավշյա» Հայաստանում, բայց արի ու տես, որ կորոնավիրուսոտ Իտալիայից վերադարձած էջմիածինցի «հպարտ քաղաքացին» ջուրն է լցրել այդ «անհատական և կոլեկտիվ ջանքը». թաքցրել է վիրուսակիր լինելու փաստը, գնացել է իր հարազատի նշանադրությանը և հարվածի տակ դրել այլոց, այդ թվում` իր մերձավորների առողջությունը։ Ինչո՞ւ պիտի չգնար, եթե ինքը՝ վարչա(հրամայա)պետ հալով, քարոզչական շոուներ է սարքում և մարդկային արհեստական կուտակումներ ստեղծում, այն էլ` մանկավարժների և դպրոցականների ակտիվ մասնակցությամբ, ինչ է թե` ավելորդ անգամ հայհոյի ու թույն կաթացնի նախկինների վրա` սատանան գիտի։

Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե այս դեպքում էլ մանիպուլյացիա չաներ, չփորձեր մոլորեցնել «սիրելի» քաղաքացիներին` պատմելով, թե ինչպես է դա եղել։ Իսկ եղել է այն, որ օդանավակայանում քաղաքացու ջերմությունը չափել են, ուղարկել տուն։ Հետո, «բնականաբար, առողջապահության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ մոնիտորինգ են իրականացնում, և էս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվում։

Եվ քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձրացած լինելու հանգամանքը, այլև, քանի որ մեզ հասկանալի ավանդույթի համաձայն մեզ համար շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը, այլև, ըստ էության, նաև, եթե շատ կոպիտ ասենք, էս ընթացքում նաև սիստեմա է ընդունում և կոպիտ ասած` սիստեմայի տակից դուրս գալով, վճռական որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրության արարողությանը։ Եվ էս ընթացքում շփվում է վարսավիրի հետ, շփվում է ոսկերիչի հետ, և ի վերջո գնում է այդ նշանադրության արարողությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում»։

Հիմա` հարց. եթե պատկան մարմինները պատշաճ մոնիտորինգ են իրականացրել, ու «էդ մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվել», ինչո՞ւ քաղաքացին չի մեկուսացվել «Գոլդեն փելիս»-ում կամ պակաս շքեղ, բայց զբոսաշրջիկների աչքից հեռու մի տեղ։ Ինչո՞ւ կարանտինի մեջ չի եղել։ Ինչո՞ւ է ազատ ու անարգել շրջել Էջմիածնի փողոցներով, գնացել` ուր խելքը փչի, շփվել մարդկանց, այդ թվում`իրեն բուժօգնություն ցույց տված անձնակազմի հետ։

Եվ ո՞վ է հիմա կորոնավիրուսի «ներխուժման» պատասխանատուն` քաղաքացի՞ն, որ չի անսացել առողջապահության նախարարի «ինքնամեկուսացման» կոչին, թե՞ ինքն ու իր առողջապահության նախարարը, որ, Սահմանադրական դատարանը բուդկի պես սեփականաշնորհելու հովերով տարված, մատների արանքով են նայել այդ սպառնալիքին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը