Քաղաքական

21.03.2020 20:19


Չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն, իհարկե կատարելու է․ ԲԴԽ նախագահը՝ Արսեն Թորոսյանի մասին

Չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն, իհարկե կատարելու է․ ԲԴԽ նախագահը՝ Արսեն Թորոսյանի մասին

Հայաստանում չի կարող որևէ մեկը, որևէ պաշտոնյա հայտարարել, թե ինքը չի ընդունում դատարանի կայացրած ակտը և չի կատարելու այն, այս մասին 168.am–ի հետ զրույցում հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԲԴԽ–ն մեկնաբանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որովհետև դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը։

«ԲԴԽ-ում արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկվել է…Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանը, ես ժպիտով եմ վերաբերվում այդ հարցին: Բոլորս տեսնում ենք Արսեն Թորոսյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը և այն աշխատանքը, որը նա կատարում է: Այդ հոգնածությունը հասկանում ենք: Դրա հետ մեկտեղ՝ նաև հասկանում ենք նրա վրդովմունքը, զայրույթը, որ գործ է պարտվել դատարանում: Բայց չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն: Իհարկե կատարելու է: Չի կարող կառավարության անդամը դատական ակտը չկատարել: Ընդամենը այսքանը»,–ասել է նա:

ԲԴԽ նախագահը նշել է, որ եթե Թորոսյանը չկատարի, ապա հետևանքներ կլինեն: «Դրա պատասխանատուն ԲԴԽ-ն չէ: Դրա պատասխանատուն դատական իշխանությունը չէ: Եթե մյուս կողմը կատարողական թերթ վերցնի և ներկայացնի Հարկադիր կատարման ծառայությանը, նրան կպարտավորեցնեն դա անել: Ի վերջո, քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, բայց մեծ առումով համարում եմ, որ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում որոշել, որ ինքը չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»,–աասել է նա:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հրապարակային հերքի և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից՝ Ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ արած արտահայտությունների համար: Վճռաբեկի որոշումից հետո Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը և կարիք ունի բարեկարգումների:

168.am–ի հետ զրույցում առողջապահության նախարարի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասել էր, թե սկսած երրորդ դատից հետո ինքն ի լուր հանրության բարձրաձայնել է, որ այս դատը քննվում է մաքսիմալ սուբյեկտիվ շահի վրա, և այս գործով դատավորները չեն եղել անաչառ, այնպես, ինչպես պահանջում է հենց իրենց առաքելությունը, իսկ ճշտող հարցին, թե և Առաջին ատյանի, և Վերաքննիչ, և թե Վճռաբեկ դատարանները (վերջինս, ի դեպ, վարույթ չի ընդունել փաստաբանի բողոքը) սուբյեկտի՞վ են եղել, պատասխանել է` այո։ Հարցին, թե ԲԴԽ նախագահն ինչպես կմեկնաբանի փաստաբանի հայտարարությունը, և արդյոք պատրաստվում է դիմել Փաստաբանների պալատին` այս հայտարարության առնչությամբ, Ռուբեն Վարդազարյանն ասել է․

«Իհարկե, ոչ: Սուբյեկտիվ կարծիք է հայտնել: Գտնում է, որ դատարանը կողմնակալ մոտեցում է ունեցել, թող ինքնաբացարկի միջնորդություն հայտներ, գտնում է, որ դատարանն օրենք է խախտել և ոչ օրինական, ոչ օբյեկտիվ դատական ակտ է կայացրել, թող դիմի Հատուկ քննչական ծառայությանը` դատավորի նկատմամբ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելով: Գտնում է, որ դատավորն օրենք է խախտել, թող դիմի կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմիններին` արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին: Ուղղակի մերկապարանոց հայտարարություն անել, թե դատարանն օբյեկտիվ չի եղել, դատարանն ուղղվածություն է ունեցել…Եթե մենք բոլոր նման հայտարարություններին փորձենք արձագանքել, մենք առավոտից երեկո զբաղվելու ենք նման արտահայտություններին պատասխանելով կամ դրանք հերքելով»:

Այս խորագրի վերջին նյութերը