Քաղաքական

23.03.2020 09:59


Մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու մասին օրենքի նախագծում լրջագույն խնդիրներ կան. Ալեքսանդր Կոչուբաև

Մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու մասին օրենքի նախագծում լրջագույն խնդիրներ կան. Ալեքսանդր Կոչուբաև

Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար 5 տարի ազատազրկում սահմանող օրենքի նախագծում և՛ վարչական իրավախախտման, և՛ հանցակազմի մասով լրջագույն խնդիրներ եմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնին տեղին է:

Փաստաբանի խոսքով՝ օրենքի նախագծում պարզաբանում մտցված չէ «մեկուսացում» և «ինքնամեկուսացում» հասկացությունների մասին: «Հարցը քրեական օրենսգրքի տիրույթում է, և նկարագրված արարքը պետք է լինի այնքան պարզ ու որոշակի, որ կարդացողի համար միանշանակ ընկալելի լինի, թե իր որ վարքագիծն է համարվելու հանրորեն վտանգավոր և առաջացնելու քրեաիրավական հետևանքներ: Իրավական անորոշություն կա, թե «ինքնամեկուսացումը» որ սուբյեկտների վարքագիծն է սահմանափակում: Նույն խնդիրը վերաբերում է նաև մեկուսացմանը. օրինակ՝ եթե բնակչությանը պահանջ կա մնալ տանը, արդյո՞ք տնից դուրս գալը համարվելու է հանրորեն վտանգավոր հանցակազմ պարունակող արարք»,-ասաց Կոչուբաևը:

Անդրադառնալով օրինագծի «զանգվածային հիվանդացում» ձևակերպմանը` փաստաբանը նշեց, որ այն ևս հստակ չէ: «Օրինակ՝ երկու անձի հիվանդացումը համարվելո՞ւ է զանգվածային, թե՞ ոչ: Ինչպիսի՞ չափորոշիչներով է որակվելու մարդկանց զանգվածային հիվանդացումը: Եթե այս հանցակազմը անգամ ներպետական ատյաններում ունենա որոշակի հաջողություններ, հասնելով՝ ՄԻԵԴ, միանշանակ վերացվելու է: Եվրոպական դատարանը նախադեպ է ձևավորել, որ իրավական նորմերը պետք է լինեն այն աստիճան կանխատեսելի, որ առանց իրավաբանական գիտելիքի առակայության՝ անձը կարդա և կարողանա համապատասխանեցնել իր վարքագիծն օրենքում նախատեսված պահանջներին»,-ասաց Կոչուբաևը:

Նախագծում նշված «դիտավորյալ վարակելը» և «անզգուշությամբ վարակելը» ձևակերպումներին անդրադառնալով՝ փաստաբանն ասաց, որ թեև ընդհանուր առմամբ հնարավոր է՝ բուն գործողությունը լինի դիտավորությամբ, սակայն անզգուշության համար անձնաց 5 տարի ազատազրկումը գերչափազանց ուռճացված է:

Նրա խոսքով՝ խնդիրներ կլինեն նաև հետագա դատավարության ընթացքում: «Ենթադրենք՝ անձը վարակել է 10-15 հոգու, ինչպե՞ս է իրականացվելու նրա քրեական հետապնդումը: Եթե նա որպես մեղադրյալ ներգրավվի, անհրաժեշտություն է լինելու նրան ձերբակալել կամ կալանավորել, և վարակակիր լինելու դեպքում հստակ չէ՝ ինչպես է գործընթացը կատարվելու: Քանի որ գործընթացը հստակեցված չէ, նշանակում է՝ տարածվելու է դատավարական ընդհանուր կարգը: Մինչդեռ առնվազն 20 օր բացառվում է այդ անձի՝ այլ անձանց հետ շփումը: Ինչպե՞ս են իրականացվելու նրան առնչվող քննչական ու դատավարական գործողությունները: Դրա համար ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր նաև Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն սահմանել և վերապահում սահմանել, որ այս հանցակազմի քրեական հետապնդումը սկսվելու է է անձի՝ լրիվ առողջացումից հետո»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ թեև նախագիծը ողջունելի է, բայց դրա՝ այս տեսքով ընդունելու դեպքում ճգնաժամային վիճակը միայն կխորանա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը