Քաղաքական

24.03.2020 14:21


Աննա Դանիբեկյանի աշխատակազմը չգիտի՝ դատավորը ստացիոնար բուժում ստանո՞ւմ է, թե՞ ոչ

Աննա Դանիբեկյանի աշխատակազմը չգիտի՝ դատավորը ստացիոնար բուժում ստանո՞ւմ է, թե՞ ոչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Ավելին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը տեղեկություն չունի, թե երբ աշխատանքի կվերադառնա դատավորը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատարանի աշխատակազմից:

Հարցին, թե արդյո՞ք դատավորը ստացիոնար բուժում է ստանում, աշխատակազմից պատասխանեցին, որ այդ մասին ևս տեղեկատվություն չունեն:

Նշենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով:

Նախատեսվում էր, որ այդ օրը դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որը պաշտպանները ներկայացրել էին մարտի 16-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Աննա Դանիբեկյանը վիրահատվել է և հայտնի չէ, թե ինչքան կտևի հետվիրահատական շրջանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի՝ նկատի ունենալով, որ գործով նախագահը վատառողջ է ու վիրահատական միջամտության է ենթարկվել, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն այն մերժել է։ Ի պատասխան փաստաբանի դիմումի նախագահը նշել էր, թե քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում է, հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակներում: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը կքննարկի դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը