Քաղաքական

28.03.2020 21:08


Ընկեր Փաշինյան, օրավարձով աշխատողները ո՞նց պիտի ապրեն, բանվոր դասակարգին էլ ուշադրություն դարձրեք. հարցախույզ Արմավիրում (տեսանյութ)

Ընկեր Փաշինյան, օրավարձով աշխատողները ո՞նց պիտի ապրեն, բանվոր դասակարգին էլ ուշադրություն դարձրեք. հարցախույզ Արմավիրում (տեսանյութ)

Ֆեյսբուքյան նամակ եմ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին օրավարձով աշխատողներին աջակցություն տրամադրելու համար: Այս մասին Tert.am-ի հարցախույզի ընթացքում նշեց արմավիրցի անհատ տաքսու վարորդներից մեկը՝ հավելելով, որ ինքը ևս ցանկանում իր անվտանգությունն ապահովել, բայց չի կարող տանից դուրս չգալ:

«Գրել ենք ընկեր Փաշինյան, որ ամեն բան փակել եք, մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, ոնց պիտի ապրեն, գործ չկա: Ստիպված դուրս եմ եկել, որ 1000 դրամ հայթայթեմ, գնամ, երեխեքիս հաց առնեմ: Եթե պետությունը որոշակի առումով աջակցեր, ես էլ տնից դուրս չէի գա»,-ասաց Արմավիր քաղաքի բնակիչը:

Մեկ այլ անհատ տաքսու վարորդ նշեց, որ զարմացել են Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունից, թե օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի, և դրանք նրանք են, ովքեր ստվերում են: Ըստ վարորդների՝ այս իրավիճակում պետք է իշխանություններն ընդունեին ԲՀԿ-ի առաջարկը և օրավարձով աշխատողներին ամսական 70 հազար դրամ հատկացնեին:

«Այսօրվա խնդիրն ամբողջ աշխարհում է, պիտի կարողանանք հաղթահարել, բայց մեզ համար էլ պիտի պայմաններ ստեղծեն, որ հաղթահարենք: Գոնե բանվոր դասակարգի մասին էլ մտածեն, հասկանում ենք՝ պետք չէ տնից դուրս գալ, բայց դուրս եմ եկել հացի համար, առավոտից կանգնած եմ, 500 դրամ փող չեմ աշխատել: Հաց՝ որտեղի՞ց, վարձով ապրում եմ, 10 շունչ կա մեր ընտանիքում: Սպասում ենք, որ կառավարությունը մի բան անի»,-նշեց նա:

Հարցախույզին մասնակցող բնակիչների շարքում կային նաև բանվորներ, ովքեր գումարի դիմաց տարբեր աշխատանքներ են կատարում, բայց այս օրերին չեն կարողանում գումար վաստակել:

«Ես սանտեխնիկ եմ, էսօր կանչել են, թուղթը լրացրել եմ, դուրս եմ եկել, որ գոյությունս պաշտպանեմ, բայց գործ հիմնականում չկա»,-ասաց բնակիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը