Քաղաքական

30.03.2020 14:45


«Օգտվելով այս կորոնավիրուսի պահից՝ մեր իշխանությունները գնում են ամենադատապարտելի ճանապարհով». Լարիսա Ալավերդյան

«Օգտվելով այս կորոնավիրուսի պահից՝ մեր իշխանությունները գնում են ամենադատապարտելի ճանապարհով». Լարիսա Ալավերդյան

Այսօր ԱԺ-ում քննարկվող Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին, շատ իրավաբանների, իրավապաշտպանների համար անհասկանալի է:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է՝ նման ճանապարհով կորոնավիրուսի դեմ պայքարել կամ վիրուսի տարածումը սահմանափակել չի ստացվի:

«Վիրուսը այդպիսի մեթոդների հանդեպ անտարբեր է: Պետք է հստակեցնենք, որ բոլորովին այլ միջամտություններ պետք է լինեն: Այն, որ այսօր շատերը չգիտեն, թե ինչպես անել, դա այլ է, բայց որ այսպես, ինչպես փորձում են անել մեր իշխանությունները, դա այդ ճանապարհը չի, որը որ կբերի հաջողության, դա հաստատ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա անդրադարձավ կորոնավիրուսի կանխարգելման գործում միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների, այլ պետությունների և մեր պետության գործելաոճի նմանություններին ու տարբերություններին. ի վերջո, կորոնավիրուսը միայն Հայաստանում չէ տարածվում:

«Եթե մենք մեզ արդեն դիրքավորել ենք՝ որպես ժողովրդավարական, իրավական պետություն, ապա մենք պետք է հետևենք այն օրինակներին, որոնք որ մեզ ցույց են տալիս միջազգային հանրության միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտները: Եվ սկսեմ նրանից, որ նույն ԶԼՄ-ների վերաբերյալ նորմը, գիտեք, որ ընդամենը 2-3 երկիր է այդպիսին ընդունել: Ես չէի ուզենա, որ մենք շարունակենք հետևել բոլորովին մեզ համար խորթ մոդելների:

Եվ այս առումով, եթե դա կորոնավիրուսին վերաբերող հարցեր են, ապա պետք է հաշվի առնել բոլոր այն սխալները, որոնք սկզբից արվեցին, ու չկրկնել դրանք, այլ ոչ թե գնալ անընդհատ մարդու իրավունքների կոշտ սահմանափակումների ճանապարհով: Դա չի բերելու կորոնավիրուսից ավելի լավ պաշտպանման: Եթե նպատակն այլ է, ամբողջովին դատապարտելի է: Բայց կրկնում եմ, անգամ, եթե հնչեցված է և մտքներին ունեն, որ դա պետք է օգնի կորոնավիրուսից պաշտպանվելուն, դա չի լինելու: Պետք է հստակ մոտեցումներ համապատասխանեցնել, այնպիսի միջոցներ կիրառվեն, որոնք որ իրապես կբերեն օգուտներ: Թե չէ տպավորությունն արդեն բավականին վատ է: Կարծես թե օգտվելով այս կորոնավիրուսի պահից, մեր իշխանությունները, չունենալով այլ հնարավորություններ կամ այլ մեթոդներին ծանոթ չլինելով, գնում են ամենադատապարտելի ճանապարհով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին ՄԻՊ-ից հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք այլ երկրներ, կամ իր պրակտիկայում հանդիպե՞լ է այնպիսի երկրների, որոնք այսօր կամ երբևէ համաճարակի դեմ պայքարելիս գնացել են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության միջամտության ուղղությամբ:

«Ես չեմ հանդիպել առայժմ: Եթե դա իմ չիմացությունն է, խնդրում եմ ներողամտություն, բայց գոնե այն հայտնի դեպքերը, որ մենք գիտենք, հայտնի եվրոպական պետությունները, ԱՄՆ-ը, դրանց մասին չէ, որ խորհում են այնտեղի պետական և քաղաքական գործիչները»,- հարցին ի պատասխան՝ ասաց Լարիսա Ալավերդյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն օրենքի այս նախագիծն ընտրովի կիրառելու միտումներ է տեսնում: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ դրա մասին վկայեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի այն դիտարկումը, թե մարդկանց հեռախոսազանգերի սկիզբն ու վերջը ֆիքսելը չի կարող բոլորի նկատմամբ կիրառվել, ինչը, ըստ Ալավերդյանի, ավելի վատ բան է նշանակում:

«Չգիտեմ, թե նա ինչ է մտածում, բայց իր ասածը նշանակում է, որ քանի որ դա հնարավոր չէ բոլորի դեպքում կիրառել, ապա ընտրովի է լինելու: Պատգամավորի ելույթից հստակեցվում է, որ իրապես օրենքը հնարավոր չէ կիրառել բոլորի նկատմամբ, ինչը խոսում է նրա մասին, որ օրենքի կիրառումը կարող է դառնալ գործիք միայն առանձին, ընտրովի այն մարդկանց հանդեպ, որոնք որ ցանկալի չեն իշխանությունների համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը