Քաղաքական

04.04.2020 12:07


Գազի սակագնի բարձրացման հարցը նաև քաղաքական է, ՌԴ-ում չեն մոռացել, որ Փաշինյանը ժամանակին գլխավորում էր մի խմբակցություն, որը «ոչ» էր ասում ԵԱՏՄ-ին. Սերգեյ Մարկով

Գազի սակագնի բարձրացման հարցը նաև քաղաքական է, ՌԴ-ում չեն մոռացել, որ Փաշինյանը ժամանակին գլխավորում էր մի խմբակցություն, որը «ոչ» էր ասում ԵԱՏՄ-ին. Սերգեյ Մարկով

Tert.am-ը ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովի հետ զրուցել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման դրդապատճառների մասին: Նրա կարծիքով` հարցը նաև քաղաքական է, Ռուսաստանում չեն մոռացել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գլխավորում էր մի խմբակցություն, որը «ոչ» էր ասում Եվրասիական տնտեսական միությանը:

-Պարո՛ն Մարկով, այս օրերին քննարկվում է Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցը: Ձեր կարծիքով` ինչու՞ է այն հիմա քննարկվում:

-Խնդիրն այն է, որ նախ Ռուսաստանը մշտապես ցանկացել է իր գազի գինը համապատասխանեցնել շուկայական գներին, բայց միևնույն ժամանակ այն համապատասխանեցնել իր ռազմավարական գործընկերների շահերին:

Բայց հիմա Ռուսաստանը գտնվում է տնտեսական բարդ իրավիճակում` պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով, նավթի գնի անկմամբ և այլն: Եվ Ռուսաստանը պետք է լուծի իր տնտեսական խնդիրները:

Այդ տնտեսական խնդիրների առջև Ռուսաստանը, իհարկե, կանգնել է դեռևս 2013 թվականից` կապված Ուկրաինայում տեղի ունեցածի հետ, երբ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ: Ուկրաինան հենց ինքը պատժամիջոց էր:

Բացի այդ, Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել: Ռուսաստանում նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը լավ հարաբերություններ ունի Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, որոնք թշնամական են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, իսկ դա անհանգստացնում է: Բացի այդ, Հայաստանում այսօր իշխանությունում հայտնվել են մարդիկ, որոնք ակնհայտ եվրոպամետ են, ամերիկամետ` արևմտամետ, ժամանակին Ռուսաստանին դեմ էին արտահայտվում:

-Այսինքն` գազի գնի թանկացման համար մեղավոր են ներկայիս իշխանություննե՞րը, որոնք ժամանակին բողոքի ցույցեր էին անում Պուտինի դեմ:

-Ռուսաստանում չեն մոռացել, որ Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր մի խմբակցություն, որը «ոչ» էր ասում Եվրասիական տնտեսական միությանը:
Այսօր էլ նրա խմբակցության անդամներից մեկը ԵԽԽՎ-ում չի քվեարկում Ռուսաստանին վերաբերող նախագծի օգտին:

-Այսինքն` քաղաքական պատճառներ կա՞ն:

-Այո՛: Եվ ընդհանրապես գազի սակագնի հարցը նաև քաղաքական է, չի կարելի այն միայն տնտեսական համարել: Երբ քննարկվում է այդ հարցը, պետք է հաշվի առնել, որ դրա համար կան տնտեսական պատճառներ:

Ռուսաստանում նկատում են, որ ներկայիս իշխանությունները ձերբակալում են այնպիսի մարդկանց, որոնք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ են ունեցել: Պատճառաբանում են, թե կոռուպցիոն խնդիրներ կան: Դրան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում չեն հավատում:

Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Մեդիան հիմնականում զբաղված է Նիկոլ Փաշինյանին գովաբանելով, իսկ որքան Նիկոլ Փաշինյանին են գովաբանում, այնքան հակառուսական տրամադրություններ են առաջացնում:

-Պարո՛ն Մարկով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի սակագնի հարցը քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի վարքագիծը՝ գազի գնի հետ կապված, հայտնի է: Ինչպե՞ս է դա կողքից ընկալվում:

-Դա ընկալվում է որպես հակառուսական կոալիցիայի ձևավորում: Այլ կերպ ընկալել հնարավոր չէ: Նրանք փորձում են դուրս գալ Ռուսաստանի դեմ:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես է հայտարարում, որ ունի փայլուն հարաբերություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իրականում այդպես չէ՞: Ռուսաստանում դա ինչպե՞ս է ընկալվում:

-Դա ընկալվում է որպես բացարձակ սուտ: Նման բան չկա: Իհարկե, պաշտոնական Ռուսաստանը դա չի հերքի, քանի որ, ի վերջո, կան ռազմավարական հարաբերություններ, բայց դա չի համապատասխանում իրականությանը:

- Եթե ամփոփենք մեր խոսակցությունը, ի՞նչ եք կարծում` Հայաստանին մատակարարվող գազի գինը կբարձրանա՞:

-Այն միշտ բարձրանալու է, բայց թե երբ և ինչ արագությամբ, չեմ կարող ասել:

Այս խորագրի վերջին նյութերը