Քաղաքական

07.04.2020 15:55


Դատախազությունը սկսել է կորոնավիրուսով պայմանավորված իր հայտարարության իրագործումը

Դատախազությունը սկսել է կորոնավիրուսով պայմանավորված իր հայտարարության իրագործումը

ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 3-ին հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք:

Միևնույն ժամանակ, հանձնարարականով է հանդես եկել ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն, ըստ որի՝ պետք է վերանայվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն էլ 2020թ․ ապրիլի 6-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով անդամ բոլոր պետություններին՝ կիրառել կալանքի բոլոր հնարավոր այլընտրանքները՝ հնարավորության դեպքում և առանց խտրականության։

Նաև հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Հաշվի առնելով այս ամենը, Yerevan.Today-ը հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, թե՝ քանի՞ կալանավորի վրա է տարածվելու խափանման այլընտրանքային միջոցի կիրառումը և ովքեր են նրանք։

«Թե կոնկրետ քանիսի վրա կտարածվի, և ովքեր են նրանք, դժվար է այս պահին ասել, քանի որ շարունակական պրոցես է և ինչպես դատախազությունն է համապատասխան նախաձեռնություն իրականացնում, այնպես էլ մեղադրյալները, նրանց պաշտպանները՝ դատարաններ կալանքի փոփոխման միջնորդություններ ներկայացնելով: Բայց նախնական ուսումնասիրության արդյունքում այս պահի դրությամբ Դատախազությունը 20 անձի առնչությամբ խափանման միջոցը փոխելու հնարավորություն է տեսնում, որոնց մեծ մասը դատական քննության փուլում գտնվող գործեր են։

Միջնորդությունների ներկայացման, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից անմիջականորեն խափանման միջոցների փոփոխման որոշումների կայացման գործընթացն սկսվել է: Առաջնային շեշտը դրվել է խոցելի տարիքային խմբին պատկանող, ծանր կամ մի քանի համակցված հիվանդություններ ունեցող անձանց խափանման միջոցների փոփոխման վրա, որոնց հիմնական մասը բուօգնություն է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում»:

«Մինչև ապրիլի 6-ը ներառյալ անմիջականորեն դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Բացի այդ, դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված՝ 6 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդություններ բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Այս խորագրի վերջին նյութերը