Տնտեսական

09.04.2020 14:50


Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան

Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան

Գազի գնի բարձրացման հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնք իրականացնել–չիրականացնելու գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտը կքննարկվի հանրային կերպով։

Գազի գնի նվազման հետ կապված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` «Գազպրոմ Արմենիային» մարտի 31-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չի ստացվել։ Տեղեկությունը փոխվարչապետը հայտնեց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը չի արձագանքել գազի գնի նվազեցման առաջարկին։

«Դեռևս պատասխան չկա, սակայն, կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կար, ինչով էլ պայմանավորված է այս իրավիճակը։ Կարծում եմ` ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,–ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով` գազի գնի բարձրացման հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնք իրականացնել–չիրականացնելու գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտը կքննարկվի հանրային կերպով։

Գրիգորյանը նշեց` միայն այդ ժամանակ բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան դրանք ապագայի համար։

Իսկ ինչ վերաբերում է գազի գնի վճարման արժույթին (Հայաստանը վճարում է դոլարով), ապա այն, ըստ Գրիգորյանի, արձանագրվել է որպես ռազմավարական խնդիր։ Փոխվարչապետը նշեց` այդ խնդիրն արձանագրվել է ԵԱՏՄ փաստաթղթերում և հաճախ քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակներում։ «Էներգակիր ներկրող երկրի համար շատ ավելի ձեռնտու է, որպեսզի վճարումն իրականացվի լոկալ արժույթով կամ գոնե այն երկրի արժույթով, որտեղից ներկրում է իրականացվում»,–ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետը հայտնեց` հայկական կողմի ցանկությունն է, հնարավորության դեպքում, ՀՀ դրամով վճարումն իրականացնել, իսկ եթե ոչ` գոնե ռուսական ռուբլիով։ Այս ուղղությամբ քննարկումներ են գնում։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերին` առաջարկելով նոր բանակացություններ սկսել, մասնավորապես, սահմանին գազի ներկայիս գինը նվազեցնելու վերաբերյալ։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Հայաստանն այսօր «կապույտ վառելիքը» գնում է 165 դոլարով։ Երկրի ներսում հիմնական սակագինը ներկայիս փոխարժեքով մոտ 280 դոլար է։ Ներկայում գազի գինը Հայաստանի բնակչության համար կազմում է 139 դրամ 1 խմ–ի դիմաց։ Անապահով ընտանիքների համար սահմանվել է տարեկան 100 դրամ առաջին 600 խմ–ի համար և 139 դրամ` 600 խմ–ից ավել սպառելու դեպքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը