Քաղաքական

14.04.2020 13:10


Հենց ապրիլի 17-ին էլ պիտի ունենանք դատական նիստ. Արամ Վարդևանյան

Հենց ապրիլի 17-ին էլ պիտի ունենանք դատական նիստ. Արամ Վարդևանյան

Եթե պարզվի որ անհրաժեշտության անհետաձգելիության տեսանկյունից Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ բժշկական միջամտություն առկա չի եղել, ապա դա մասնագիտական պարտականությունների չկատարել է, ընդհուպ մինչեւ ոչ բարեխիղճ վերաբերմունք, որը նաեւ քրեաիրավական տեսանկյունից կարող է գնահատման առարկա լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

«Մենք դրա վերաբերյալ մի շարք գործողություններ կձեռնարկենք, այդ թվում՝ ուշադրությունը հրավիրելով նաեւ կարգապահական տեսանկյունից, որովհետեւ ցանկացած դատավորի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ որեւէ դեպքում չհեղինակազրկվի ամբողջ դատական իշխանության հեղինակությունը։ Ամեն դատավոր ներկայացնում է իր դիրքորոշումը, բայց նաեւ ներկայացնում է մի ամբողջ դատական իշխանություն։ Այս ժամանակահատվածում ունենք հարյուրավոր դատավորներ, որոնք ամենօրյա ռեժիմով ներկայանում են աշխատանքի, քննում են տարբեր գործեր, նույնիսկ բժշկական դիմակներով գալիս են եւ կատարում են իրենց աշխատանքները։ Սակայն այդպիսի գործողություններով արդեն նսեմացվում է նաեւ այդ դատավորների կատարած աշխատանքը։ Դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի մասնագիտական պարտականությունն այնպիսին է, որ նույնիսկ ռազմական դրության ժամանակ մասնագիտական այդ պարտականությունները պիտի կատարվեն։ Մենք գտնվում են արտակարգ դրության պայմաններում, մեզնից յուրաքանչյուրի աշխատանքի գնալը պարունակում է որոշակի ռիսկեր՝ մեր կյանքի եւ առողջության համար, բայց մենք մեր աշխատանքը կատարում ենք»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ եթե դատավորը ապրիլի 16-ից հետո կրկին աշխատանքի չներկայանա եւ երկարաձգվի դատաքննությունը, արդյոք հաշվի առնվե՞լ է այդ տարբերակը, Վարդեւանյանն ասաց.

«Դատավորը չունենալով բավարար հիմնավոր պատճառներ՝ չներկայանա աշխատանքի, դա լրջագույն խնդիր է։ Կարծում եմ, որ այդ դեպքում մենք կունենանք աշխարհի փորձում ցավալիորեն առաջին դեպքը, երբ քթի վիրահատությունը տեւի ոչ թե մինչեւ 15 օրը, այլ 33 օր։ Եթե դա էլ ավելանա, ապա մենք կունենանք աշխարհում առաջին դեպքը, երբ քթի պլաստիկ վիրահատությունը կարող է տեւել 33 օրից ավելի։ Դա կլինի ծաղր մարդու իրավունքների նկատմամբ»։

Եթե, այնուամենայնիվ, Աննա Դանիբեկյանը վերադառնա աշխատանքի, Վարդեւանյանը շեշտեց, որ անհապաղ պետք է նշանակվի իրենց բողոքի քննության օրը. «Այն որ ՔԿՀ-ում փաստացի կա վարակի դեպք, նույնիսկ դեպքեր։ Մարտի 16-ին ներկայացվել էր միջնորդություն, որն անհապաղ քննության ենթակա էր, կարծում եմ՝ պիտի հենց ապրիլի 17-ին էլ ունենանք դատական նիստ»։

Նշենք, որ շուրջ 1 ամիս է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստերը չեն կայանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով։ Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդեւանյանը 2 դիմում է ուղարկել ՄԻՊ-ին, այդ դիմումները ՄԻՊ-ը ուղարկել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը ստանալու համար։

Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Այդ տեղեկության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տարածել էր հայտարարություն, որ Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին որեւէ տեղեկություն չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը