Քաղաքական

18.03.2009 17:00


Խմբակցությունները` Ռոբերտ Քոչարյանի քաղաքապետ դառնալու մասին

Խմբակցությունները` Ռոբերտ Քոչարյանի քաղաքապետ դառնալու մասին

Սկսած այն պահից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացվեց Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում, լուրեր շրջանառվեցին, թե կոալիցիան ներկայացնող ուժերը կվերանայեն իրենց որոշումները, և շատ հնարավոր է, որ հանդես կգան միասնական թեկնածուով, ի դեմս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

Այդ առիթով կոալիցիայի մաս կազմող կուսակցություններից ՀՀԿ-ի ներկայացուցիչը՝ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե. «Հնարավոր է, որ նման խոսակցություններ կան, սակայն հանրապետական կուսակցությունը պաշտոնապես նման լուր չի դրել շրջանառության մեջ: ՀՀԿ փոխնախագահը, շարունակելով թեման, մանրամասնել է.

- Կոալիցիայի միավորման, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին որպես միասնական թեկնածու ներկայացնելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև խորհրդի նիստը կայացրել է որոշում, որ քաղաքապետի թեկնածուն է Գագիկ Բեգլարյանը, իսկ երկրորդ տեղում Տարոն Մարգարյանն է:

Նույն հարցի շուրջ կոալիցիան ներկայացնող մյուս երկու կուսակցությունների` Հայ Հեղափոխական Դաշնակցության և Օրինաց երկրի պատգամավորները հրաժարվել են պատասխաններ տալ, ասելով, որ իրենք տվյալ պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցերի շուրջ մեկնաբանություններ չեն անում: Իսկ ահա Բարգավաճ Հայաստան կուսակցություն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը պատասխանել է այսպես.

Ո՛չ բացառում եմ, ո՛չ էլ հնարավոր եմ համարում միասնական թեկնածուով հանդես գալը, որովհետև նման տեղեկատվության չեմ տիրապետում:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նույնիսկ չցանկացավ լսել լրագրողի հարցը՝ ասելով.

Այս պահին ես որևէ հարցի շուրջ որևէ մեկնաբանություն անել չեմ կարող և չեմ ուզում։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը