Քաղաքական

16.04.2020 12:47


Կառավարության շատ միջոցառումներ հասցեական չեն. «Ազգային օրակարգ»

Կառավարության շատ միջոցառումներ հասցեական չեն. «Ազգային օրակարգ»

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ՀՀ կառավարությունն ընդունել է միջոցառումների ընդարձակ փաթեթ՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով: Այն, կարծես թե բավականին ընգրկուն միջոցառումների խումբ է, որը, սակայն ունի էական բացթողումներ: Առաջին հայացքից թվում է, թե աջակցության ծրագրերը ներառել են հասարակության գրեթե բոլոր թիրախային շերտերը, բայց փաստացի տարբեր սահմանափակումների պատճառով առաջացել է աջակցությունից անարդարացի զրկված նպաստառուների մի զգալի հատված։

Միջոցառում 1
Այս միջոցառմամբ Կառավարությունը համաֆինանսավորում է բանկերի կողմից ընկերություններին տրամադրվող կոմերցիոն վարկերը։ Այս վարկերը, սակայն հասցեական չեն։ Պետք է այդպիսի վարկեր տրամադրել այն ընկերություններին, որոնց մոտ առկա է հասույթի 10% և ավելի անկում, այլապես կարող են տեղի ունենալ հանրային միջոցների աննպատակ վերաբաշխում այս պահին կորուստներ չունեցած ընկերություններին: Բացի այդ, վարկերի հիմնական նպատակը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը ճգնաժամի պայմաններում, ոչ թե ցանկացած բնույթի գործունեություն։

Միջոցառում 2
Այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի ճգնաժամի հետ, և գյուղատնտեսության ֆինանսվարման գործող ծրագրի ընդլայնումն է։ Այն դրական ազդեցություն կարող է ունենալ ընթացիկ պահին, սակայն պետք է հաշվի առնել, որ այս ծրագրով պետությունը երաշխավորում է 0%-ով երկարաժամկետ վարկեր, որը ինքնին խնդրահարույց է, քանի որ բերելու է տնտեսավարողների կողմից ոչ բավարար հիմնավորված ծրագրերի ֆինանսավորման, ընդ որում՝ մեծ ծավալներով, և այդ տոկոսադրույքների սուբսիդավորման գումարները պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին։ Նախկինում գործում էր 2% տոկոսադրույքը, որը թեև բարձր չէր, բոլոր դեպքերում տնտեսավարողների համար որոշակի ֆինանսական կարգապահություն էր ստեղծում։ Ծրագիրն այս տեսքով կարող է բերել հարկատուների ռեսուրսների էական վատնման կամ վերաբաշխման՝ հօգուտ առանց այդ էլ հարուստ տնտեսավարողների։ Հետևաբար, առկա ռիսկերը նվազեցնելու համար նպատակահարմար է 0%-ով երկարաժամկետ վարկեր տրամադրել միայն փոքր գյուղացիական տնտեսություններին:

Միջոցառում 3
Այս ծրագիրը նախատեսում է առավել տուժած ոլորտներում ընկերությունների վարակավորում, և դրանով արդեն ավելի հասցեական է։ Սակայն վարկային աջակցությունն այս ոլորտներին ինքնին խնդրահարույց է, քանի որ փաստացի, պետությունը օգնում է այդ ոլորտներին տեղափոխել ֆինանսական բեռը դեպի ապագա, սակայն այն որևէ կերպ չի թեթևացնում։ Արդարացի կլիներ, եթե այն ընկերությունները, որոնց գործունեությունը դադարեցվել է պետության որոշմամբ, դրա համար նաև որոշակի անհատույց փոխհատուցում ստանան, և ոչ միայն վարկ, այդ պրակտիկան հիմա կիրառվում է այլ երկրներում։

Միջոցառում 4
Այս ծրագրի շահառու են բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006թ. ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա)։ Անհասկանալի է սակայն, թե ինչու է տարիքային շեմ վերցրած 14 տարեկանը, ծրագրից դուրս են մնում այն ընտանիքները, որոնք ունեն 14-18 տարեկան անչափահաս երեխաներ: Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափակում (մարտի 13-25-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 5
Այս ծրագիրը նպատակ ունի պահպանելու ընկերությունների աշխատատեղերը, սակայն բավական հասցեական չէ, որի արդյունքում աջակցության միջոցները տրամադրում են սահմանված միջակայքում բոլոր կազմակերպություններին և ընդամենը աշխատավարձի ֆոնդի 20%-ի չափով, այն դեպքում, երբ ավելի արդյունավետ կլիներ այն հասցեական տրամադրել առավել տուժած ոլորտներին, սակայն ավելի բարձր չափով (օրինակ՝ 50%), և արտակարգ դրության ամբողջ տևողությամբ։ Ներկայիս ձևով թողնելու դեպքում, այն բերելու է հանրային միջոցների անիմաստ վատնման, դրանք տրամադրելով կազմակերպություններին, որոնք նորմալ ռեժիմով աշխատում են, իսկ կազմակերպությունները, որոնք հարկադրված պարապուրդի մեջ են, ընդհակառակը, բավարար միջոցներ չեն ունենալու իրենց աշխատատեղերը պահպանելու համար։

Միջոցառում 6
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցելու մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված մասնավոր հատվածում ընդգրկված վարձու աշխատակիցներին։ Այստեղ անհրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը:

Միջոցառում 7
Այս ծրագրի նպատակն է աջակցել հղի կանանց, որի շահառու լինելը ճշտելու համար անհրաժեշտ է լրացրել անունը, ազգանունը, ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը։ Դժվարություն կարող է առաջանալ ՀԾՀ-ի (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ տեղեկանքի բացակայության դեպքում, և առաջարկվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նման սակավաթիվ դեպքերի համար ընդունել անձնագրի տվյալները:

Միջոցառում 8
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել անձանց, որոնք, մարտի 13-30-ը հանդիսացել են նշված հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունների, մանրածախ առևտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների) ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր: Ոլորտների ցանկը կարծես թե ամբողջական չէ և հարկավոր է ընդլայնել։ Օրինակ՝ դրանց շարքին կարող են դասվել ատամնաբուժական ծառայությունները, հանրային տրանսպորտը և այլն։

Միջոցառում 9
Այս ծրագրի նպատակն է աջակցել 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, կամ չեն աշխատել, նպաստի չափսը 26500 դրամ մեկ երեխայի համար: Արդյունքում մեկ երեխա ունեցող ընտանիքի ամեն անդամի հաշվարկով (հայր, մայր, երեխա) բաժին է հասնում է 8830 դրամ աջակցություն, այն դեպքում երբ պարենային զամբյուղի արժեքը կազում է առնվազն 35 215.5 դրամ (ամսական կտրվածքով)։ Կա նաև ժամանակահատվածի արհեստական սահմանափա¬կում (մարտի 13-30-ը), այն դեպքում երբ ահնրաժեշտ է ներառել արտակարգ դրության իրավական ռեժիմի գործողության ամբողջ ժամանակահատվածը: Առաջարկվում է արտակարգ դրության յուրաքանչյուր լրիվ ամսվա համար տրամադրել 68 000 դրամ՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառում 10
Այս ծրագրի նպատակն է օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին, շահառու հանդիսացող անձանց կողմից 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, առաջարկվում է սահմանել նաև նվազագույն չափ, այն է՝ ոչ պակաս նվազագույն աշխատավարձի չափից։

Միջոցառում 11
Այս ծրագրի շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ. փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել՝ բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Ըստ պաշտոնական տվյալների՝ շահառու են 220 հազար բաժանորդ: Նկատի ունենանք, որ ամառանոցները, առանձնատները կամ ոչ մշտական բնակության այլ տարածքները, նույնպես հաշվառ¬ված են շահառուների ցանկում: Ինչպես նաև պայմանավորված շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։

Միջոցառում 12
Այս ծրագրի շահառու են մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10 001-30 000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-10 000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։ 30%-ը բավարար աջակցություն չի կարելի համարել, և այն էական ազդեցություն չի կարող ունենալ ֆինանսական ծանր դրության մեջ հայտնված բնակիչների վրա: Առաջարկվում է 30% աջակցությունը դարձնել 50%:

12-րդ միջոցառման հավելում՝ առաջարկվում է՝ բոլոր այն բնակիչ բաժանորդները, որոնք չունեն բնական գազի մատակարարման համար կնքած պայմանագիր և համարվում են միայն էլեկտրական էներգիա օգտագործող բաժանորդներ, իսկ էլէներգիայի ծախսը կազմում է 10 001-30 000 դրամ Կառավարության կողմից ստանան 50%-ի չափով աջակցություն:

Լրացուցիչ միջոցառում (Միջոցառում 13)
Առաջարկվում է շահառու ճանաչել միայնակ անձին կամ ընտանիքին, որի հետ չկան համատեղ ապրող երեխաներ, չունեն գրանցված աշխատանք, չեն օգտվել այլ սոցիալական միջոցառումներից և միայնակ անձը կամ ընտանիքի անդամներից որևէ մեկը չի աշխատում։ Առաջարկվում է յուրաքանչյուր անձին տրամադրել աջակցություն պարենային զամբյուղի չափով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին, առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Նկատի ունենալով, որ ՀՀ ազգաբնակչության զգալի մասը նախքան արտակարգ դրության հայտարարումն էլ գտնվում էր ոչ բավարար սոցիալական պայմաններում, համարում ենք, որ մեր կողմից ներկայացված առաջարկները հնարավորություն են կտան ավելի շատ շահառուներ և թիրախային խմբեր ընդգրկվել Կառավարությունն տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման (ավելի շուտ մեղմացման) միջոցառումների ծրագրերում, թեթևացնելով մարդկանց ամենօրյա հոգսը։

«Ազգային օրակարգ»
կուսակցության խորհրդի անդամ, «Կրթություն, գիտություն, մշակույթ»
հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյան և «Սոցիալական հարցեր,
առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ Արմեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը