Քաղաքական

16.04.2020 16:27


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

2020 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որի հիմնական նպատակն է առանց մեղքը հաստատող դատավճռի, բռնագանձել կոռուպցիոն և քրեական գործունեության հետ կապ ունենալու մեջ կասկածվող, և այդ հիմքով որպես «ապօրինի ծագում ունեցող» սահմանաված գույքը։

Ինքնին, ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու ինստիտուտը անհրաժեշտ գործիք է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի գործում, և կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Իսլանդիայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում, իսկ օրենքի ընդունումը բխում է մի շարք միջազագային կոնվենցիաներից, որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է և պարտավորվել է ներդնել ներքին օրենսդրության մեջ։ Սակայն ԱԺ կողմից ընդունված օրենքն անհիմն և վտանգավոր կերպով ընդլայնում է նրա կիրառման հնարավորությունները և մեխանիզմները, և կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կիրառումը հանգեցնի պետական մարմինների կամայականության, բազմաթիվ անմեղ մարդկանց ունեզրկման, գույքի ապօրինի վերաբաշխման և քաղաքացիների ձեռնարկատիրական գործունեության խաթարման։

Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, Դատախազությունը կարող է անձի գույքի մասով ուսումնասիրություն սկսել ոչ միայն այն դեպքում, երբ նա արդեն ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է կատարված հանցանքի համար, այլև եթե նա ընդամենը դեռ ներգրավվել է որպես մեղադրյալ, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը արդեն իսկ կասեցվել է տարբեր հիմքերով, և կամ նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատախազությունը պարզապես ունի «հիմնավոր» կասկած։ Սա պրակտիկորեն անսահմանափակ ընդլայնում է հնարավորությունները անձի և նրա գույքի նկատմամբ հետապնդում իրականացնելու, մասնավորապես, ցանկացած անձ այսպիսով կարող է հայտնվել Դատախազության թիրախում, քանի որ այն նրա նկատմամբ «հիմնավոր» կասկածներ ունի, ընդ որում Դատախազությունը տվյալ անձին թիրախավորելու համար որևէ իրական պատասխանատվություն չի կրում։ Սա առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածին, ըստ որի հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սա նաև անմիջականորեն հակասում է միջազգային փորձին, ըստ որի եթե անձը անմեղ է ճանաչվել քրեական դատավարության կարգով, ապա այլևս չունի իր գույքի ծագման օրինականությունը ապացուցելու որևէ պարտավորություն:

Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում Դատախազությունը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրեն հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով: Արդյունքում, պրակտիկորեն ցանկացած քաղաքացի այս օրենքով կարող է զրկվել է իր գույքի նկատմամբ իրավունքից, եթե նա ժամանակին չի հավաքագրել և փաստաթղթավորել նրա ձեռքբերման բոլոր իրավական հիմքերը, ինչը Հայաստանի պայմաններում իրատեսական չի։ Բացի այդ, քանի որ սույն Օրենքի գործողությունը սահմանվում է սկսած 1991 թվականից, այնինչ օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելու պահանջ առաջացել է միայն 2011 թվականից ի վեր, փաստացի սույն Օրենքը հետադարձ ուժով քաղաքացիներից պահանջելու է, որպեսզի նրանք կարողանան փաստաթղթավորված ձևով հիմնավորել իրենց գույքը և եկամուտները, թեև այդպիսի պահանջ նախկինում չի եղել։ Ուստի այն իրապես վատթարացնում է անձի իրավական վիճակը` առերևույթ հակասելով ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:

Խիստ խնդրահարույց է նաև Օրենքի 23-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, միայն եթե դատարանում ապացուցվում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին: Սա ընդլայնում է Օրենքի գործողությունը այն անձանց վրա, որոնք ընդհանրապես որևէ հակաիրավական գործողություն չեն ձեռնարկել, սակայն գույք են ձեռք բերել այլ անձանցից, որոնք գույքի օրինական ծագման վերաբերյալ, բնականաբար, պարտավոր չէին որևէ տեղեկություն ունենալ, քանի որ ձեռքբերման պահին սույն Օրենքը չէր գործում։ Սա քաղաքացիների ունեզրկման անսպառ հնարավորություններ է բացում, քանի որ գույքը օրինական ձեռք բերած, փաստացի բարեխիղճ գնորդ հանդիսացող քաղաքացին, գույքի ձեռքբերումից բազմաթիվ տարիներ անց, ստիպված է լինելու ապացուցել, որ ինքը հանցագործ չի, և օրինական եղանակով է ձեռք բերել իր գույքը։ Սա, իր հերթին, առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Ելնելով վերոնշյալից, կարելի եզրահանգել, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ Օրենքը, առկա տեսքով, մեր երկրի համար տնտեսական, քաղաքական և սոցիալական անհամաչափ վտանգներ է պարունակում, և առերևույթ հակասում է ՀՀ սահմանադրության մի շարք առանցքային դրույթների: Այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ գլոբալ ճգնաժամի պայմաններում ձեռնարկատիրական գործուենության համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ընդունում են մի օրենք, որը մեծ հավանականությամբ կբերի այդ գործունեության համար լրացուցիչ անհիմն խոչընդոտների, և երկրիր եկող ներդրումների էական կրճատման։

Ստեղծված իրավիճակում, մենք կոչ ենք անում ՀՀ Նախագահին՝ օգտվել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, և ուղարկել նշված Օրենքը Սահմանադրական դատարան, Սահմանադրությանը նրա համապատասխանությունը որոշելու նպատակով:

"Ազգային օրակարգ" կուսակցության Խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը