Քաղաքական

18.04.2020 09:58


Դատարանի նախագահը մի օր պատասխան է տալու, ոչ ոք թող չկասկածի. Ալումյան

Դատարանի նախագահը մի օր պատասխան է տալու, ոչ ոք թող չկասկածի. Ալումյան

Հայտնի չէ, թե ինչ վիրահատության է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը, բայց դատարանի նախագահը բացահայտ սանձարձակ ձեւով խախտում է օրենքը, մի օր դրա քրեաիրավական գնահատականը կտրվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

«Ես չունեմ պաշտոնական որեւէ փաստաթուղթ կամ պաշտոնական աղբյուրներից տեղեկություն, որ դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին կամ որեւէ մեկ այլ օր։

Աննա Դանիբեկյանը կարող է գնալ արձակուրդ, կարող է որեւիցե դատավոր կորոնավիրուսով վարակվի, երկարատեւ բուժվի. այստեղ խնդիրն Աննա Դանիբեկյանի մեջ չի, խնդիրը դատարանի նախագահի մեջ է։ ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 8-ի որոշման հիման վրա՝ դատարանի նախագահը պարտավոր է այսպիսի դեպքերում խափանման միջոցի քննությունը փոխանցել նույն դատարանի մեկ այլ դատավորի։ Այն կարող է փոխանցել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով։ Չեմ ուզում հեռուն գնալ եւ ասել հանցագործը, կասեմ՝ իրավախախտը դատարանի նախագահն է։ Այս իրավիճակում կա հստակ ցուցում՝ ինչ անել։ Դա նա պարտավոր էր անել դեռ մարտի 17-ին։ Հետո այս բոլոր հարցերի պատասխանները պահանջվելու են։ Այսօր արդեն ապրիլի 17-ն է, ուղիղ մեկ ամիս առաջ դատարանի նախագահն արդեն իսկ պարտավոր էր մեր միջնորդություններն այլ դատավորի փոխանցել։ Այս մեկ ամսվա համար ինքը մի օր պիտի պատասխան տա, չգիտեմ՝ այդ օրը երբ կգա, բայց այն, որ ինքը այս ամենի համար պատասխան կտա, ոչ մեկ թող չկասկածի»,-ասաց Ալումյանը։

Հայկ Ալումյանն ասաց, որ դեռեւս 1 ամիս առաջ վերաքննիչ բողոք է ներկայացրել այն բանի դեմ, որ պաշտպանների միջնորդություններն Առաջին ատյանի դատարանում չի քննվում, բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին. «1 ամիս է՝ բողոքը չի քննվել։ Բեկթաշյանն էլ անարգում է օրենքը։ Հասկանում ենք, որ օրենքը պահպանելը համարձակություն ու տղամարդկություն է պահանջում։ Կորոնավիրուսային այս ծանր պայմաններում դատարանները դատավարություն չեն իրականացնում. Սա սանձարձակություն է»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մեկ ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայանում՝ դատավոր Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով:

Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել։

Այնուհետեւ ԲԴԽ-ն հայտնեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը։

Աննա Դանիբեկյանն այսօր եկել էր աշխատանքի։ Մի քանի ժամ անց NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատավորը կրկին արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։

Այս խորագրի վերջին նյութերը