Քաղաքական

22.04.2020 11:55


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը

Երեկ տեղի ունեցած տեսակոնֆերանսից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մարտ ամսվա կեսերից հեռավար եղանակով պարբերական խորհրդակցություններ են անցկացրել, այդ թվում՝ ապրիլի 21֊ի համատեղ տեսակոնֆերանսը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է այս խորհրդակցություններին։

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և տեղում տեղի ունեցած վերջին զարգացումները: Նրանք անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերին՝ համահունչ 2020 հունվարի 30-ին Ժնևում արված համատեղ հայտարարությանը:

Հաստատվեց, որ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված արտասովոր իրավիճակի պատճառով նախկինում ձեռքբերված հումանիտար միջոցառումների իրականացումը հետաձգվել է: Նախարարների միջև առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցելությունների վերաբերյալ Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունները նույնպես հետաձգվել են: Այնուամենայնիվ, վերոնշյալ գործողությունները նախապատրաստելուն ուղղված անհրաժեշտ աշխատանքները շարունակվում են:

Համանախագահներն ընդծեցին հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արեցին կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։ Նրանք նաև բարձր գնահատեցին ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքը և ընդգծեցին մոնիթորինգային աշխատանքները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով վիթխարի մարտահրավերները, որոնց ներկայումս առերեսվում են բոլոր ժողովուրդները՝ անկախ քաղաքական սահմաններից, և որոնք ծառայում են որպես խիստ հիշեցում յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի մասին, ԱԳ նախարարները և համանախագահները հույս հայտնեցին, որ գլոբալ համավարակին արձագանքելու հարցում ցուցաբերված վճռականությունը ստեղծարար և կառուցողական խթան կհաղորդի խաղաղ գործընթացին: Համանախագահները ուշադրություն հրավիրեցին ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ներկա առողջապահական ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի միջոցառումների վերաբերյալ մարտի 23-ի ուղերձին և համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:

Արտգործնախարարները և համանախագահները համաձայնեցին սերտ կապի մեջ մնալ և հնարավորինս շուտ շարունակել առերես բանակցությունները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը