Տնտեսական

22.04.2020 13:15


Այսօր ոչ մի աշխատակից «Գլորիա» չի եկել, երեկ 10-15 աշխատակից տուգանվել է. «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր

Այսօր ոչ մի աշխատակից «Գլորիա» չի եկել, երեկ 10-15 աշխատակից տուգանվել է. «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր

Երեկ աշխատակիցներն աշխատանքի էին եկել, որովհետև Նիկոլ Փաշինյանից լսել էին, թե ապրիլի 20-ից վերականգնվելու է տեքստիլի աշխատանքը, սակայն դեռ համապատասխան որոշումը չկա, նրանք դա չգիտեին և տուգանվեցին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը՝ խոսելով երեկ ֆաբրիկայում տեղի ունեցած միջադեպի մասին։

Հիշեցնենք, որ երեկ «Գլորիա»-ի աշխատակիցները ֆաբրիկա էին ներխուժել՝ աշխատելու ցանկությամբ, սակայն ոստիկաններն աշխատակիցներին դուրս են հանել։

«Այսօր ոչ մի աշխատակից ֆաբրիկա չի եկել։ Երեկ 10-15 աշխատակից տուգանվել է՝ մոտ 100 հազար դրամի սահմաններում։ Ես ոչ մեկին չեմ կանչել աշխատանքի, բայց 2600 մարդ աշխատել և ապրել է ուզում»,-ասաց նա:

Դարբինյանի խոսքով՝ աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ վարչապետի հայտարարությունը պետք է պարետը հաստատի։ «Ապրիլի 20-ին, ասել է, կարող եք աշխատել, մարդիկ էլ 20-ին եկել են, որովհետև ոչ ոք չի ասել, որ որոշումն ընդունված չէ»։

Սեփականատերը նշեց, որ ինքը չի կարող աշխատակիցներին հիմա գումարով աջակցել, սակայն բոլորի խնդիրներն էլ հասկանում է։ Նա ասաց, որ արտակարգ իրավիճակում չաշխատելու և հարկադիր պարապուրդի մատնվելու համար աշխատակիցներից աջակցություն ստացողներ դեռ չեն եղել, հետո չգիտի՝ ինչ կլինի։

Հիշեցնենք, որ երեկ սեփականատերը Tert.am-ին հայտնեց, որ ոստիկանները մի քանի աշխատակիցների բերման են ենթարկել։

Tert.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը նշեց, որ բաժանմունք են տարվել այն մի քանի աշխատակիցները, որոնց տվյալները հայտնի չեն եղել։

«Բերվել են, տվյալները ճշտվել են և ազատ են արձակվել։ Աշխատակիցներից մի քանիսը պարետի ցուցումները խախտելու համար իրավական գնահատական են ստացել, համապատասխան արձանագրություններ են կազմվել»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը