Քաղաքական

23.04.2020 22:16


Քոչարյանի պաշտպանը 4-րդ դիմումն է ներկայացրել դատարանի աշխատակազմի ղեկավարին

Քոչարյանի պաշտպանը 4-րդ դիմումն է ներկայացրել դատարանի աշխատակազմի ղեկավարին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հերթական դիմումն է ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Ա. Ասլանյանին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Փաստաբանն ընդգծել է, որ նախորդ դիմումներում բարձրացված հարցերն ուղղված են եղել հենց իրեն՝ պարոն Ասլանյանին, և ոչ թե դատավոր Աննա Դանիբեկյանին։

«Խնդրում եմ, ի վերջո, պատասխանել վերը նշված հարցերին, եթե, իհարկե, մտահոգոթյուն չունեք, որ Ձեր կողմից ներկայացվող պատասխանները կարող են օգտագործվել Ձեր դեմ քրեական վարույթի շրջանակներում»,-իր դիմումի մեջ նշել է Խուդոյանը։

Հիշեցնենք, որ նախորդ երեք դիմումներում փաստաբանը խնդրել է հայտնել, թե ե՞րբ է ստացվել դատավորի՝ մինչև ապրիլի 16-ը անաշխատունակության վիճակում գտնվելու մասին տեղեկությունը, արդյոք դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը փորձե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձա՞յն է, որ իր բացակայության հիմքերը ներկայացվեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին և արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է համացանցում հայտնված այն տեղեկությունը, որ դատավոր Դանիբեկյանի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է:

Այս խորագրի վերջին նյութերը