Քաղաքական

30.04.2020 12:25


Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

Փաշինյանի ընտանիքը դուրս է եկել զբոսանքի ու համոզվել՝ կանոնները չեն պահպանվում

ՀՀ վարչապետը պատմեց, որ փողոցում քայլիս տեսել է խմբերով կանգնած մարդկանց, և եթե նույնիսկ մեկ վարակակիր մարդ լիներ, 10-15 հոգի վարակվելու էին:

Հաշվի առնելով պարետի որոշումը, որով թույլատրվում է զբոսնել ընտանիքի անդամներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը երեկ երեկոյան դուրս է եկել զբոսնելու ու արձանագրել՝ դրսում ահագին մարդ կա:

ՀՀ վարչապետն իրենց զբոսանքի մասին պատմեց կառավարության այսօրվա նիստում՝ հետևություն անելով, որ վարակից խուսափելու համար կառավարության ու պարետատան պահանջած պարտադիր պայմաններն ակնհայտորեն չեն պահպանվում:«Եթե մենք, այնուամենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու: Ես քայլում էի ու տեսնում` մարդիկ նույնիսկ խմբերով էին կանգնած։ Եթե այդտեղ նույնիսկ մեկ վարակակիր մարդ լիներ, ակնհայտորեն այդ 10-15 հոգին վարակվելու էին»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում մայիսի 4-ից հետո սահմանափակումների որոշ արգելքներ հանելու ու տնտեսական գործունեության որոշ տեսակներ վերաբացելու մասին կառավարության հայտարարած մտադրությանը՝ վարչապետը հայտնեց, որ սոցիալ- տնտեսական առաջացած խնդիրները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա:

«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և հետևաբար չենք կարող մի տարի փակված ռեժիմով ապրել: Ոչ միայն մենք չենք կարող, այլև աշխարհի ոչ մի երկիր չի կարող»,- ասաց նա:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն էլ կարևորեց, որ տնտեսվարողներն ապահովեն անվտանգության բոլոր ամենախիստ միջոցները, որպեսզի պարետատունը ստիպված չլինի վերադառնալ նախկին ռեժիմին ու անգամ սահմանել շատ ավելի խիստ սահմանափակումների ռեժիմ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 28-ին նոր որոշում կայացրեց` մեղմելով տեղաշարժի սահմանափակումները: Արդեն թույլատրվում է բնակության վայրից մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ անել կամ հեծանիվ վարել: Քաղաքացիները նաև կարող են զբոսնել 2 չափահաս երեխաների հետ կամ ընտանիքի անդամներով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը