Քաղաքական

22.03.2011 13:12


ԱԺ-ում ավարտվել է կոալիցիայի ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը

ԱԺ-ում ավարտվել է կոալիցիայի ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումը

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ կոալիցիոն ուժերի ներկայացրած՝ «ՀՀ Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Մարտի 22-ի ԱԺ նիստում օրինագծի քննարկումը շարունակվել է խմբակցությունների ելույթներով:

Մասնավորապես ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանություններն ընտրությունների միջոցով անընդհատ վերարտադրվել են և մնացել են իրենց տեղում: Լուծումը, նրա խոսքերով, քաղաքական կամք դրսևորելու մեջ է, որ բացառվի ԸՕ-ն շրջանցելը, կանխվի կեղծիքների ճանապարհը և ստեղծվեն համապատասխան օրենսդրական երաշխիքներ:

-Որ չունենք այդ ավանդույթը, ակնհայտ է,-ընդգծել է Ա. Ռուստամյանը և նշել, որ այդ ամենը լավ հասկանալով՝ այդ հարցերին անդրադարձ կատարվում է միայն ընտրությունների ավարտից հետո, երբ հետընտրական լուրջ լարվածություն է սկսվում:

Ա. Ռուստամյանը նաև նշել է, որ չի ասում, թե ՀՅԴ–ի ներկայացրած նախագիծն ամենալավն է ու լուծում է բոլոր հարցերը, այդպիսի կատարյալ նախագիծ, ըստ նրա, չկա, սակայն կարելի է նախագծերը համադրելով՝ հասնել ընդհանուր համաձայնության, ինչը, ի դեպ, ԵԽ գլխավոր պահանջներից մեկն է:

-Երբ ընդդիմություն-իշխանություն համաձայնության մեջ են առաջանում վստահության սաղմերը, դա է իրականությունը: Մենք, սակայն, չենք գնացել այս ճանապարհով,- ընդգծել է նա:

Ներկայացնելով ՕԵԿ տեսակետը, պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, որ իրենք կողմ են նախագիծը առաջին ընթերցման կարգով ընդունելուն և կողմ են քվեարկելու:

Նախագծին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, կողմ կքվեարկի նաև ԲՀԿ-ն:

ՀՀԿ տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով, թե  օրինագծի նախագծի առաջին ընթերցմանը ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու:

Եզրափակելով օրինագծի նախագծի քննարկումը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, թե քննարկման ժամանակ բազմաթիվ առաջարկներ են հնչել, որոնք վստահաբար կքննարկվեն և ամենայն հավանականությամբ նաև կընդունվեն:

-Ունենալով նաև այլընտրանքային նախագիծ՝ մենք, իհարկե, եթե մեր նախագիծը հավանության արժանանա խորհրդարանի կողմից, կուսումնասիրենք այլընտրանքային նախագիծը և օգտակար առաջարկությունները կփորձենք ներառել մեր նախագծում,-եզրափակել է Դ. Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը