Քաղաքական

04.05.2020 16:38


Զոհրաբ Մնացականյանը՝ փուլային տարբերակի մասին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը՝ փուլային տարբերակի մասին (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց, թե արդյոք դիտարկվո՞ւմ են Մադրիդյան սկզբունքների որոշակի տարրեր, և ԱԳՆ-ի համար բանակցությունների փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակն է ընդունելի։

Արտգործնախարարն ասաց, որ փուլային, փաթեթային տերմինաբանությունը կապված է նաև խաղաղ գործընթացի պատմության հետ, և եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ հայկական կողմը խախտում է պարտավորությունների համադրությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։

«Կար մի գործընկեր ժամանակին՝ ասում էր, որ համաձայն ենք փուլային տարբերակին, առաջին փուլում ստատուսի հարցն է լուծվում, հետո մնացածը։ Այսինքն` մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորություններն արտահայտված են, համադրելի են, շոշափելի են, վերահսկվող են։ Սա ամենառաջնային խնդիրն է»,-ասաց Մնացականյանը։

Նա ընդգծեց, որ եթե ենթադրվում է, որ պետք է լինի խնդրի լուծման փուլային տարբերակ, որտեղ մի կողմը կիրականացնի իր պարտավորությունները մեծ չափով, սակայն չի ստանա համադրելի քայլ՝ մյուս կողմից, ապա այդ կերպ նա խարխլում է իր դիրքերը բանակցություններում. «Նման իրականացնումն անհնար է»։

Արման Աբովյանը փորձեց հստակեցնել, որ փաստորեն հայկական կողմի համար էական չէ փաթեթային կամ փուլային տարբերակը, էական է համադրելիության ու բալանսի պահպանումը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը