Քաղաքական

06.05.2020 16:46


Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակմանը

Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմամբ կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, երբ կլինեն նաև դրսից՝ համակարգից դուրս նշանակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

Պատգամավորը նշեց՝ այդ նշանակումը մեկնաբանվել է որպես քաղաքական նշանակում: «Կարո՞ղ ենք այստեղից հետևություն անել, որ ուժային կառույցներում հետագա կադրային քաղաքականություն վարելիս նաև քաղաքական նշանակումներ կլինեն»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել: Պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ: Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում դրսից (համակարգից դուրս-խմբ.) նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն: Եվ հիմա եկել է ժամանակը գնահատելու և վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը: Եվ դա կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ: Դա կարող է լինել օրենսդրական միջանցքներով, բայց դա լավ է»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ բոլորը մտադրված էին օրենսդրական փոփոխություններ անելու, որ ուղիղ նշանակումներ արվեին, սակայն հետո հասկացել են, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է կոտրել: «Եվ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի: Եվ մեր հույսն այն է, որ և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից: Եվ դա մեր գաղափարախոսությունն է, ոչ թե մենք միամիտ ենք եղել ու շանս ենք տվել»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝ իրենք չեն ցանկացել իրենց կուսակցականներին լցնել իրավապահ համակարգ:

Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել մայիսի 5-ին: Մինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը, Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նա նշանակվել էր մայիսի 4-ին՝ ազատվելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը