Քաղաքական

06.05.2020 17:05


Սա աննորմալ երևույթ է. Քոչարյանին ազատ արձակած դատավորի պաշտպանը՝ գործի մասին

Սա աննորմալ երևույթ է. Քոչարյանին ազատ արձակած դատավորի պաշտպանը՝ գործի մասին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) գործով քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Գեորգի Մելիքյանը։

Վերջինիս խոսքով՝ քրեական գործ հարուցվելու է դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու համար․ «Այդ մասով հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Մեր հաղորդման հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Մենք ակնկալում ենք, որ քրեական գործ կհարուցվի պաշտոնական դիրքի չարաշահումով»։

Հարցին, թե կարո՞ղ են դիմել այժմ Գրիգորյանի լիազորությունները վերականգնելու համար, պատասխանեց․ «Մինչեւ քրեական հետապնդման խնդիրը լուծվի, դրանից հետո հնարավոր է վերականգնվի։ Դատավորների մասին ընթացակարգ կա․ տվյալ պարագայում ԲԴԽ-ն կասեցրել է իր լիազորությունները, սա ընդհանուր կարգով չի լինում»։

Ինչ վերաբերում է այսքան երկար նախաքննություն անցկացնելուն, պաշտպանը նշեց, որ դա աննորմալ երեւույթ է․ «Իրավունք չունեին այսքան քննել, ոչ մի քննչական գործողություն չի կատարվել։ Սա պատվիրված գործ է, դրա համար սենց վիճակ ունենք»։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Նշենք, որ դատավորը կարգավիճակ ունի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։ Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը