Քաղաքական

12.05.2020 17:53


Հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում․ Վիկտոր Սողոմոնյան

Հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։

Նրա առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար դիմեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

-Ինչպե՞ս է անցել վիրահատությունը, ինչպե՞ս է պարոն Քոչարյանի ինքնազգացողությունը։

-Վիրահատությունը, բարեբախտաբար, լավ է անցել, և հիմա նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին վեց ամսվա ընթացքում սա արդեն իր երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ, և կան հստակ ցուցիչներ առ այն, որ հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում:

Պետք է արձանագրեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում: Փաստորեն, նա զրկված է եղել հիվանդության հետևանքները համապատասխան պայմաններում հաղթահարելու հնարավորությունից: Չեմ ուզում հիմա հայտարարել, թե սա նախագահի առողջությանը վնասելու միտված գործողությունների արդյունք է, բայց հակառակն էլ չեմ կարող հայտարարել: Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ մարդու առողջությունը վատթարացել է կալանավայրում, և նա չունի լիարժեք հնարավորություն վերականգնել առողջությունը։

Ասվածը հաստատում են նաև նրան բուժող բժիշկները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը