Քաղաքական

13.05.2020 09:13


Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատի լճակներից մեկը, ապա կառուցել ևս մեկը, կեղծ գործարքների դիմելով՝ Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ․ «Հետք»

Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատի լճակներից մեկը, ապա կառուցել ևս մեկը, կեղծ գործարքների դիմելով՝ Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ․ «Հետք»

Բնական լճերը Սիս գյուղի ամենամեծ հարստությունն են: Այս տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ: Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել այդ լճակներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է եւս մեկ ձկնաբուծարան եւ, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Սիսի համայնքապետարանից 11.32 հա գյուղնշանակության արոտավայր է վարձակալել տարեկան 113 000 դրամով, այնուհետեւ ենթավարձակալության է հանձնել իր դստեր ընկերությանը՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին, ամսական 2.5 մլն դրամով:

Իրականում այն արոտավայր չէ, այլ ձկնաբուծարան եւ հանրապետությունում խոշորներից մեկն է համարվում: Միայն արհեստական լճակների մակերեսը 5 հա տարածք է զբաղեցնում, տարածքում կան բազմաթիվ այլ շինություններ։ Արհեստական լճակների զբաղեցրած 5 հա հողատարածքն ըստ գործառնական նշանակության՝ ջրային հողի փոխելու համար Ս. Ալեքսանյանը պետք է համայնքային բյուջե վճարի 60-65 մլն դրամ:

Հողամասի նշանակությունը ձկնաբուծարանի վերածվելուց հետո պետք է փոխվեր արտադրական նշանակության, ինքնակամ կառուցված շինությունները՝ չափագրվեին, որպեսզի դրանց դիմաց ամեն տարի գույքահարկ վճարեն համայնքային բյուջե: Գույքի արժեքը, որը կարող է նույնքան գումար կազմել, հնարավոր կլինի հաշվարկել միայն կադաստրային չափագրումներից հետո։ Ս. Ալեքսանյանը չի ցանկացել օրինականացնել ձկնաբուծարանի գործունեությունը եւ մինչ օրս խուսափում է հարկեր վճարելուց:

Համայնքապետարանը կարող էր չվերակնքել վարձակալության պայմանագիրը, եթե գործարարը հրաժարվում էր փոխել հողի նշանակությունը եւ օրինականացնել ինքնակամ կառուցված շինությունները։ Սակայն, 2018թ. մայիսի 29-ին Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանի եւ Սամվել Ալեքսանյանի լիազորված անձ Մովսես Առաքելյանի միջեւ կնքվել է համաձայնագիր, որով Սամվել Ալեքսանյանը վարձակալությամբ օգտագործելու է Սիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 11.32 հա գյուղնշանակության արոտավայրը:

2018թ.-ի հունիսին Սամվել Ալեքսանյանը հողամասը ենթավարձակալության է հանձնել «Մոս Ֆիշ» ՍՊԸ-ին՝ անորոշ ժակետով, ամսական 2,5 մլն դրամ վարձավճարով: Այս ընկերությունը 2018 թ. մայիսի 8-ին հիմնադրել է Ս. Ալեքսանյանի Սիսի ձկնաբուծարանը կառավարող Մովսես Առաքելյանը: Հիմնադրի՝ Մովսես Առաքելյանի մասնակցությունը «Մոս ֆիշ» ՍՊԸ-ում 2019թ. հոկտեմբերից դադարեցվել է, եւ ընկերության 100%-ի բաժնեմասը փոխանցվել է Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Լուսինե Ալեքսանյանին: 2019թ. նոյեմբերին, որպես նոր գրանցված, կազմակերպություն, ընկերությունն իր ձկնաբուծարանի համար ջրօգտագործման թույլտվություն է ստացել մինչեւ 2022 թ.-ը: Մինչ այդ, Սիսի ձկնաբուծարանի համար ջրօգտագործման թույլտվությունները եղել են նրա մոր՝ Աստղիկ Ղազարյանի անունով:

Սամվել Ալեքսանյանի ընտանիքը Սիս համայնքում եւս մեկ ձկնաբուծարան ունի՝ «Ֆրագարիա» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասը պատկանում է Արտակ Ալեքսանյանին: Վերջինս գործարար Սամվել Ալեքսանյանի հետ հաշվառված է նույն հասցեում:

Գործարարի դստերը պատկանող «Մոս ֆիշ» ՍՊԸ-ն 2019թ.-ի հուլիսին վարձակալել է նաեւ «Ֆրագարիա» ՍՊԸ-ին պատկանող Սիս համայնքի Ձկնաբույծների փողոց 20 հասցեում գտնվող ձկնաբուծարանը։ «Մոս ֆիշ» եւ «Ֆրագարիա» ՍՊԸ-ների միջեւ վարձակալության պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Տարածքի ամսական վարձավճարը կազմում է 180 000 դրամ:

«Ֆրագարիա» ՍՊԸ-ն 2012թ.-ին հիմնել է Այնթափ գյուղի բնակիչ Պողոս Եփրեմյանը: Ընկերությունում ներդրած նրա սեփական գույքը՝ թիվ 3 գիրացման լճակը եւ 387,9 քմ շինությունը՝ ձկնորսական տնակ, ծածկ, ձկնորսական ջրավազան եւ պատնեշ, գնահատվել է 368 մլն դրամ: Հիմնադրելուց 2 ամիս հետո Պողոս Եփրեմյանի մասնակցությունը դադարեցվել է ընկերությունում եւ նրան պատկանող 100% բաժնեմասը փոխանցվել է նոր սեփականատիրոջը՝ Արտակ Ալեքսանյանին:

Պողոս Եփրեմյանն իր անշարժ գույքը՝ թիվ 3 գիրացման լճակը, 387,9 քմ շինությունը՝ ձկնորսական տնակ, ծածկ, ձկնորսական ջրավազան եւ պատնեշ, ձեռք էր բերել «Մասիս» ձկնային ՓԲԸ լուծարային հանձնաժողովից: Լճակների տակ գտնվող հողատարածքներն այդ ժամանակ համարվում էին պետական սեփականություն, եւ համայնքապետարանն այն 24 տարի ժամկետով վարձակալության էր հանձնել լճերի սեփականատերերին, որի համար վարձավճար են վճարել գյուղապետարանին:

Հողամասի անհատուց սեփականության իրավունքը նրան փոխանցվել է 04.10.2005թ. «Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանով, որ հետագա օտարման գործարքներից ծագող պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Ձեռք բերողը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Այսինքն, Կառավարության հիշյալ որոշումից հետո «Ֆրագարիա» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը ձեռք բերելու ժամանակ Արտակ Ալեքսանյանը համայնքային բյուջե պետք է վճարեր 69,79 հա ջրային հողամասի կադաստրային արժեքը՝ 53 947 670 դրամ, սակայն չի վճարել:

Բնակիչներն ասում են, որ լճերի սեփականատերերը տասն անգամ փոխվել են, առաջին սեփականատերերից քչերն են պահպանել այն։ Սիսի համայնքապետարանում նշում են՝ եթե սեփականատերերի փոփոխություն կատարվի, հողերի կադաստրային արժեքը պետք է վճարեն:

Հասկանալու համար, թե Սիս համայնքին որքան վնաս է պատճառել հայտնի գործարարը, պարզապես պետք է համեմատել, թե ինչ գումարով է նա համայնքապետարանից վարձակալել 11.32 հա հողատարածքը եւ ինչ գումարով է ենթավարձակալության հանձնել իր ընկերություններին: Նաեւ, թե ինչ գումար է վճարում «Ֆրագարիա» ՍՊԸ-ին՝ կեղծ վարձակալություն ձեւակերպելով։

Այսինքն` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն 11.32 հա հողատարածքի համար Ս. Ալեքսանյանին վճարել է՝ ամսական 150 000 դրամ,

«Մոս Ֆիշ» ՍՊԸ-ն 11.32 հա հողատարածքի համար Ս. Ալեքսանյանին վճարում է՝ ամսական 2,5 մլն դրամ,

«Ֆրագարիա» ՍՊԸ-ի ձկնաբուծարանը վարձակալելու համար Ս. Ալեքսանյանը ամսական վճարում է 180 000 դրամ,

Սիս համայնքի բյուջե է վճարում՝ տարեկան 113 000 դրամ։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը չի օրինականացրել նաեւ Սիսին սահմանակից Սիփանիկ գյուղում գտնվող իր ձկնաբուծարանը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը