Հարցազրույց

13.05.2020 12:10


«Ո՛չ, դուք ինչ ուզեք՝ չպիտի բանակցեք». Ավետիք Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ո՛չ, դուք ինչ ուզեք՝ չպիտի բանակցեք». Ավետիք Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

168.am«Ռեվյու» ծրագրի հյուրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:

– ՄԻՊ-ն Ազգային ժողովում տարեկան զեկույցն է ներկայացնում: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների վիճակն այժմ երկրում: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր ԱԺ-ում իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը՝ ուղղված ՄԻՊ Արման Թաթոյանին, ու վերջինիս պատասխանը:

– Որևէ երկրում մարդու իրավունքների մասին խոսելիս շատ կարևոր է գնահատական տալ այդ երկրի կառուցվածքին, այսինքն՝ ինչպիսի՞ն է դատաիրավական համակարգը, արդյո՞ք այն գտնվում է քաղաքական իշխանության ազդեցության ներքո, թե՞ ոչ: Հայաստանում հեղափոխությունից հետո որևէ կառուցվածքային փոփոխություն չի եղել: Ավելին, եթե նախկին իշխանությունները ձևականորեն պահում էին անմեղության կանխավարկածի դրույթը, հիմա ճնշումներն առավել բացահայտ են դարձել: Հատկանշական է, որ աննախադեպ շատացել են ՄԻՊ-ին ուղղված դիմումները: Ողջունում եմ, որ իր զեկույցում ՄԻՊ-ը նշել է անմեղության կանխավարկածի խախտման մասին…

2018-ից հետո անմեղության կանխվարկածի խախտումը ոչ միայն առաջին դեմքի շուրթերից է ամենօրյա ռեժիմով հնչում, այլև նրան հաճոյացող պատգամավորների, իրավապահ մարմինների և Հանրային հեռուստաընկերության եթերով:

Հայաստանում նախկինում էլ չի եղել ժողովրդավարություն, բայց երբեք չի եղել այդպիսի վախի մթնոլորտ, ինչպիսին հիմա է: Այնպիսի մեխանիզմներ ստեղծեիք, որ այդքան դիմումներ չլինեին ՄԻՊ-ին, իսկ դուք ստեղծել եք ձեր իշխանությունը ամրապնդելու մեխանիզմներ:

– Հիշո՞ւմ եք էլի դեպքեր, երբ ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցը ներկայացներ ԱԺ-ում, և նրա հետ նման տոնով խոսեին, ցուցումներ տային:

– Հայաստանում մարդու իրավունքների բոլոր պաշտպանների նկատմամբ, երբ նրանք ինքնուրույնություն են ցուցաբերել, միշտ էլ բացասական վերաբերմունք է եղել: Դա նոր երևույթ չէ: Ես նույնիսկ հիշում եմ այն պատգամավորի անունը, ով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցի ներկայացման ժամանակ ծաղրեց նրան: Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը չներմուծվեց ոչ թե գիտակցաբար, այլ ԵԽ պահանջով:

Ինչ վերաբերում է այսօրվա դեպքին, այն փոքր-ինչ տարբերվում է: Այն, որ իշխանությունը երբեք հանդուրժող չի եղել ընդդիմության հանդեպ, փաստ է, բայց այսպիսի անհանդուրժողական վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ իշխող ուժի կողմից, անկեղծ ասած, ես չեմ հիշում: Այդ պատգամավորը հավանաբար իրեն ցուցադրելու խնդիր ուներ: Երևի նա փոշմանել է, որ Մարուքյանին խփողներից մեկը չի եղել, և հիմա է ուզում աչքի ընկնել՝ ՄԻՊ-ի վրա հարձակվելով: Եվ ՄԻՊ-ը շատ արժանապատիվ պատասխանեց:

– Իշխանությունները ցանկացած քննադատություն սադրանք են համարում: Որտե՞ղ է այդ սահմանը, և իսկապե՞ս սադրում են իշխանություններին:

– Բացարձակապես: Ուղղակի չեմ էլ ուզում խոսել դրա մասին. դա քաղաքականության այբուբենն է, որ ընդդիմության դերը քննադատելն է, իսկ ինչ վերաբերում է սադրանքին, ապա այն նույնպես Հայաստանի քաղաքական դաշտում շատ մեծ դեր է ունեցել, և հենց սադրանքն է այսօրվա իշխանության համար՝ որպես ընդդիմություն, եղել գործիք:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, պետք է ասեմ, որ այնպիսի քաղաքակիրթ ընդդիմություն, ինչպիսին «Լուսավոր Հայաստանն» է, պետք է երազեն ունենալ իշխանությունները, բայց անգամ նրանց չեն հանդուրժում:

Այդ անհանդուրժողականությունը գալիս է վարչապետից, և բոլորն ուզում են ցույց տալ իրենց նվիրվածությունը վարչապետին, և այդ սադրանքները գալիս են հենց նրանցից:

– Ռոբերտ Քոչարյանի գործով 3 ամիս դատական նիստ տեղի չէր ունենում: Այս ամբողջ գործընթացի մեջ Երկրորդ նախագահի իրավունքների խախտում տեսնո՞ւմ եք:

– Մեծագույն ցավով պետք է նշեմ, որ այս 30 տարիների ընթացքում Հայաստանի հասարակական ուժերը, որոնք բազմիցս մասնակցել են մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր դասընթացների, ուր շեշտվել է, որ շատ կարևոր է արդար դատաքննության սկզբունքը, որ մարդու իրավունքները պետք է կիրառվեն ցանկացած անձի նկատմամբ՝ անկախ այն բանից, թե ինչպես ենք նրան վերաբերվում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը բացարձակապես այդ սկզբունքներից չի ելնում: Նրան դիտարկում են՝ որպես հանցագործ, և նրա իրավունքների մասին ընդհանրապես չեն խոսում: Եվ ցավալին այն է, որ այդպես են վարվում շատ իրավապաշտպաններ:

Ես չեմ ուզում խոսել քրեական գործի մասին, ավարտին ես դրա վերաբերյալ իմ կարծիքը կասեմ, բայց այն, ինչ կատարվում է այս 2 տարում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, կարող եմ ասել, որ խախտված է նրա արդար դատաքննության իրավունքը:

– Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների՝ Արցախյան բանակցություններին վերաբերող հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, ու ձեռներս դողա՝ վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել հարցի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ի՞նչ եք բանակցում։ Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Արցախի հարցն ինձ համար, և ես շատ կուզենայի, որ յուրաքանչյուրիս համար լիներ առանցքայինը: Եթե հայ ժողովուրդն ունի ապագա, ապա այն անցնում է Արցախով: Կարո՞ղ ենք մենք Արցախը՝ որպես Հայաստան, պահել-պահպանել, ուրեմն Հայաստանն ու հայ ժողովուրդը կունենան ապագա, եթե ոչ, ապա մենք կարճ ժամանակ անց, իմ ամբողջ հարգանքով դեպի այդ ազգը, կվերածվենք ասորիների, ովքեր հիշում են իրենց փառապանծ անցյալը: Եվ այդ առումով ինձ համար բացարձակապես անընդունելի է վարչապետի խոսքը, թե ինչ ուզենք՝ այն էլ կբանակցենք:

Ոչ, դուք ինչ ուզեք՝ չպիտի բանակցեք: Դուք պիտի բանակցեք այնպես, այնպիսի դիրքորոշում պետք է ունենաք, որ որևէ մեկի մտքով աշխարհում չանցնի, որ Արցախը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում: Ժողովրդի անունը մի բերեք: Ես էլ եմ ժողովուրդ, և շատ ավելի ժողովուրդ կա, Արցախում էլ կա: Դուք մեր ներքին լսարանի համար ասեք այնպես, որ մենք հանգիստ լինենք: Վարչապետի շուրթերից պետք է հնչի հետևյալ խոսքը, որ ես պայմանական հանգիստ լինեմ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և վերջ:

Այս խորագրի վերջին նյութերը