Քաղաքական

21.05.2020 13:56


Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով դատախազը վարույթից չի հեռացվի. դատարանը մերժել է բացարկի միջնորդությունը

Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով դատախազը վարույթից չի հեռացվի. դատարանը մերժել է բացարկի միջնորդությունը

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով դատախազն անտարբեր է եղել բոլոր խախտումների նկատմամբ, ավելին՝ քննիչի հետ միասին դատարանից թաքցրել են արդարացնող ապացույցները: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կայացել է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել:

Փաստաբանը միջնորդության հիմքում դրել էր մի քանի հանգամանք, դրանք են՝ դատախազն անտարբեր է եղել բոլոր խախտումների նկատմամբ, քննիչի հետ միասին դատարանից թաքցրել են արդարացնող ապացույցները: Բացի այդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է հիմնավոր կասկածի բացակայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ, սակայն դատախազը հաստատել է այդ մեղադրանքով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան, իսկ բողոքը, որի համաձայն՝ Արմեն Թավադյանի գույքի վրա դրված կալանքը ճնշում է գործադրվում մեդիայի վրա, թողել է անպատասխան: Խուդոյանը նշեց, որ դեռևս չի ստացել բացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը:

Ինչ վերաբերում է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործն Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ ՝ Վարդգես Գասպարիին շշով խփելու վերաբերյալ քրեական գործին միացնելուն և մեկ վարույթում գործերը քննելուն, Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ այդ հարցի վերաբերյալ դեռևս որոշում չկա, հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հուլիսի 1-ին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ում ի սկզբանե մակագրված է եղել է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործը, փոխանցել է այն դատավոր Ֆարխոյանին, քանի որ վերջինիս վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

Վարուժան Մկրտչյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից կաշառելու մեջ, որ վերջինս դատարանում կեղծ ցուցմունք տա Ա.Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարել է, որ տուժողներին կաշառելու անհրաժեշտություն չկա եւ չի եղել, քանի որ քրեական գործում չկա Ռ.Քոչարյանի դեմ որեւէ ցուցմունք, որը փոխելու կարիք լինի։

Արմեն Թավադյանն ավելի քան երկու ամիս գտնվել է նախնական կալանքի տակ եւ միայն վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մարտի 11-ին վերացրեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը որպես մեղադրյալ է անցնում նաեւ 2019 թվականի մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի գործով ու մեղադրվում է ջրի պլաստիկե շշով Վարդգես Գասպարին հարվածելու մեջ։ Այս քրեական գործը նույնպես գտնվում է դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։

Այս խորագրի վերջին նյութերը