Քաղաքական

25.03.2011 14:31


Ե՞րբ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը

Ե՞րբ Րաֆֆի Հովհաննիսյանը  կդադարեցնի հացադուլը

Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, թե ժողովրդի պահանջն ամբողջ իշխանության արտահերթ և օրինավոր նորովի ձևավորումն է։

–Դա է արդի Հայաստանի Հանրապետության հրամայականը։ Դրա համար, որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաև ժողովրդի ոգի և  վճռականություն,–ասել  է նա։

Այն հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ինքն արտահերթ ընտրություններ է պահանջում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, թե դա արդեն համաժողովրդական պահանջ է, և մի քաղաքացու քմահաճույքի կամ քաղաքական ազդարարման հետ որևէ կապ չունի։

–«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հենց այդ կետն արձանագրեց, որ իրենք շարունակելու են պայքարը Ազգային ժողովի ամբիոնից մինչև հրապարակ՝ ամբողջ իշխանության օրինավոր և արտահերթ նորովի ձևավորման համար, իսկ ամսի 15–ի իմ ելույթում ես ասացի, որ այդ արտահերթականությունը  թողնում  եմ իրենց։ Ժողովրդի պահանջը գրանցված է, և ես միացել եմ այդ պահանջին,–ասել է նա։

Հարցին, թե լրագրողների հետ նախորդ հանդիպման ժամանակ ներկայացված 15 պահանջներից որի՞ բավարարման դեպքում ինքը կդադարեցնի հացադուլը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, թե այդ կետերն ուղղակի  հանրամատչելի ձևով ներկայացված ակնկալիքներ էին, իսկ կուսակցության պահանջը ամրագրվել է նիստում, և որպես առաջին կետ նշվել է ամբողջ իշխանության արտահերթ և օրինավոր նորովի ձևավորումը, իսկ դրանից էլ բխեցվել են 21 ենթակետեր, որոնք վերաբերում են ՀՀ–ին։

Ես ներկա դրությամբ շարունակում եմ իմ հացադուլ–ծոմը, այն էլ՝ Ազատության հրապարակում։ Ես ունեմ այն ակնկալիքը, որ ոչ թե ստիպելով, պարտադրելով կամ ձևական պահանջ բարձրացնելով, այլ իրենք իրենց խելքը, խիղճը, հոգին և քաղաքական գիտակցությունը, պետության նկատմամբ պատասխանատվությունը կօգտագործեն արմատապես փոխելու  իրենց մոտեցումները։ Իհարկե, իշխանության մոտեցումը պետք է լինի։ Ես չէ, որ պետք է իշխանության փոխարեն որոշեմ, և ես չէ, որ իշխանության չկամության դեպքում պետք է մտնեմ հիվանդանոց։ Դրա համար իմ որոշումը  կամայական, քաղաքացիական է։ Ես եմ որոշել, և հավանաբար ոչ մի կարգախոս կամ պահանջ, կամ դրա բավարարումը չի բերելու  իմ հացադուլից դուրս գալու որոշման։ Դա իմ ենթակայական սուբյեկտիվ որոշումն է լինելու։ Երբ Աստված ինձ ասի՝ բա՛վ է արդեն, դո՛ւրս արի, այսքանով պետք է բավարարվել, և կամ որպես քաղաքացի՝ ես տեսնեմ, որ  այն, ինչ վերջին 10 օրերի ընթացքում տեղի  է ունենում ու այս մեր սրբավայր հարապարակում իսկապես հուշում է, որ  մենք էապես նոր հանգրվան ենք մտել, որը պահանջում է նորովի նվիրվել Հայաստանի  ազատությանը, իրավունքին, ժողովրդավորությանն ու ազգային շահին,–ընդգծել  է նա։

Նա նաև  նշել է, որ ինքը, հնարավոր է, որոշի դուրս գալ հացադուլից նաև այն ժամանակ, երբ ոչ թե պահանջով կամ խնդրանքով, այլ սեփական կամքով բարձրաստիճան այրերը խոստանան խնդիրների իրատեսական լուծումներ։

Այլ բան է, որ այս քանի օրերին Հայաստանի  գործող նախագահը կամ պետական այլ բարձրակարգ պաշտոնյա մոտենա, և ինքը արմատական այնպիսի լուծումներ խոստանա, այդ թվում նաև այդ ընտրությունները, ապա ես կարող եմ հենց տեղում ինքս իմ մեջ վերանայել այդ մոտեցումները,–ընդգծել է նա։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը