Կարծիք

25.05.2020 11:37


Հանցավոր անգործությունը և նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը

Հանցավոր անգործությունը և նոր կառավարության ձևավորման անհրաժեշտությունը

Առողջապահության նախարարն իր ՖԲ գրառմամբ մի քանի օրից սպասվող մահերի կտրուկ աճի անոնս արեց, իսկ վարչապետն իր «լայվով» շտապեց դրա պատասխանատվությունը «դուրս գրել» հպարտ քաղաքացիների վրա (նա երկար–բարակ խոսում էր դիմակներից)։

Ցավոք սրտի, իրականություն է դառնում մեր այն կանխատեսումը, որ Հայաստանը կորոնավիրուսային հարցում գնում է Իտալիայում արձանագրված սցենարով։ Ընդորում՝ ավելի շուտ, քան կանխատեսվել էր։

Եթե սրան գումարում ենք սոցիալ–տնտեսական ոլորտում տիրող իրավիճակը և խորացող ճգնաժամը, ապա պատկերը ողբերգական է դառնում։

Սա՛ է պոպուլիզմի ու անգրագետ կառավարման գինը։ Բայց մենք դեռ շանս ու ժամանակ ունենք նվազեցնելու մարդկային կորուստները և մեղմելու սոցիալական լարվածությունը։

Նոր կառավարության ձևավորումը դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Մենք կարևորում ենք նաև նոր կառավարության ձևավորման մեթոդաբանությունը։ Այն պետք է լինի հասարական–քաղաքական լայն համախմբման արդյունք, այլ ոչ թե պալատական խարդավանքների հետևանք։

Ազգային համաձայնության կառավարությունը հակաճգնաժամային ֆունկցիա պետք է ունենա։ Այդ կառավարության մանդատը պետք է ժամանակով ու գործողություններով սահմանափակված լինի։ Այդ մանդատը պետք է ներառի՝

1․Հակահամաճարակային արդյունավետ քաղաքականություն՝ Հայաստանը Իտալիայի սցենարից դուրս բերելու նպատակով,

2․Սոցիալ–տնտեսական լարվածության թուլացում,

3․Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրային համախմբման ու պետական ռեսուրսները դեպի մարտահրավերների հաղթահարմանն ուղղելու նպատակով,

4․Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում․ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան կորոնավիրուսային ճգնաժամի ավարտից հետո։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մանդատին, ապա այստեղ խնդիրը պետք է լինի Արցախի բանակցային գործընթացում բացասական զարգացումները կանգնեցնելն ու հայ–ռուսական հարաբերությունները վերականգնելը։ Ռազմավարական բնույթի հարցերն արդեն խորհրդարանական նոր ընտրություններից հետո ձևավորվելիք հետհակաճգնաժամային կառավարության ֆունկցիան է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը