Կարծիք

27.05.2020 17:36


Սահմանադրական դատարանի հարցը արդեն գցել եք ոտքներիդ, ինչի՞ եք ուզում անպայման ընկնի գլխներիդ

Սահմանադրական դատարանի հարցը արդեն գցել եք ոտքներիդ, ինչի՞ եք ուզում անպայման ընկնի գլխներիդ

Նիկոլի Ազգային ժողովը քննարկում է և ամենայն հավականությամբ կընդունի փաթեթ, որում ընդգրկված է թվով երեք սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը:

Բնականաբար սահմանադրական երեք օրենքներում (Հանրաքվեի մասին, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներ) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի հեղինակը պիտի լիներ իմ քայլում Սահմանադրությունից <<հասկացող>> միակ մարդը` Վահագն Հովակիմյանը:

Նախագծի քննարկումներին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ նախագիծը միտված է միայն Նիկոլի ու իր նախաձեռնած անօրինական հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն: Այսինքն, քողարկելու ակնհայտ դարձած այն հանգամանքը, որ <<Իմ քայլը>> պարտվելու էր առաջիկա հանրաքվեում և դրանով վերջնականապես պարզ էր դառնալու իրենց ունեցած իրական քվեների տոկոսը: Նրանք խուճապահար ձեռնամուխ են եղել ԱԺ-ում ունեցած լծակներով, թեկուզև անօրինական, բայց հարցը լուծելուն:

Բայց, Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթն ունի մի քանի նպատակներ և դրանք շատ ավելի հեռահար են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Նախագծի առաջին նպատակն, ինչպես արդեն նշեցի, ապրիլի 5-ին չկայացած և արտակարգ դրության ավարտից հետո օրենքի ուղղակի պահանջով արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 և ոչ ուշ քան 60 օր հետո պարտադիր անցկացվելիք հանրաքվեի չեղարկումն է:

<<Իմ քայլի>> հանրաքվեի պարտությունից խուսափելու համար <<Հանրաքվեի մասին>> սահմանադրական օրենքը և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը լրացվում է դրույթներով, որոնք հնարավորություն կտան ԱԺ-ին արտակարգ կամ ռազմական դրության պատճառով չանցկացված, բայց հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ որոշմամբ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծ ներկայացնել պատգամավորների մեկ քառորդի կողմից և այն ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Ստացվում է, որ Ազգային ժողովի մեծամասնությունը և իշխող խմբակը ևս մեկ անգամ անտեսում են ՀՀ Նախագահի ինստիտուտը և Նիկոլի քաղաքական նպատակահարմարությունից ու բարեհաճությունից է կախված նշանակված հանրաքվեի անցկացումը:

Այսպես, հանրաքվեն նշանակում է ՀՀ նախագահը: Օրենքով սահմանված ժամկետներում հրամանագիր ստորագրում հանրաքվե նշանակելու մասին: Չեմ անդրադառնում Նախագահի այն լիազորություններին, որոնք կապված են հանրաքվե չնշանակելու հետ, այն պարզ պատճառով, որ ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը Նախագահը ստորագրել է:

Հիմա ստացվում է, որ Նիկոլի ԱԺ-ն հանրապետության նախագահի ստորագրած և օրենքի ուժով որոշակի ժամկետներում կիրարկման ենթակա հրամանագիրը ոչինչ է: Այն կարող է ցանկացած պահի ուժը կորցրած ճանաչվել ԱԺ որոշմամբ, որն էլ իր հերթին իմաստազրկում, ավելի կոնկրետ զրկում է Նախագահի հրամանագիրը իրավաբանական ուժից` վերացնելով այդ հրամանագրի իրավական հենքը:

Նիկոլի ու իր իշխանազավթ խմբակի համար երկրի իրավական կայունությունը գրոշի արժեք անգամ չունի: Այսօր պետք է Նիկոլին հանրաքվե` կանենք: Այդ հանրաքվեն էլ պետք չէ` ուրեմն կվերաշարադրենք օրենքներն այնպես, որ ուժը կորցրած ճանաչենք նույնիսկ այն որոշումը, որի վերաբերյալ կա հանրապետության նախագահի հրամանագիր:
Այս մասով այսքանը, մնացածը թող մտածի Արմեն Սարգսյանը:

Այս նախագիծն ունի ոչ պակաս ու հետաքրքրական մեկ այլ նպատակ ևս:
Նիկոլը ԱԺ-ի միջոցով որոշել է <<շտկել>> Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացումը: Այսպես, <<Սահմանադրական դատարանի մասին>> սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով ցանկություն է հայտնում ՍԴ-ի համար ամրագրել Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության գնահատման շրջանակները: Ըստ ԱԺ-ի մեծամասնության, Սահմանադրական դատարանը ոչ թե Սահմանադրության համապատասխանության հարցը պիտի որոշի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ, այլ Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից դիտարկի նախագիծը: Սա ուղղակիորեն նշանակում է, որ Սահմանադրական դատարանը սահմանադրության փոփոխությունների նախագծի մասով պիտի պարզի Սահմանադրության 1–ին, 2-րդ և 203-րդ հոդվածների համապատասխանության հարցն ընդամենը:

Ուզում եմ փաստել, որ սա ևս մեկ անօրինական ոտնձգություն է ՀՀ Սահմանադրական դատարանի անկախությանը, անաչառությանը և ինքնուրույնությանը:

Այս նախագծի ընդունումն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի իրավական տրամաբանությանը և նշված հոդվածի 1-ին մասին: Համաձայն դրա՝ Սահմանադրական դատարանը որոշում է իրավական ակտի կամ նախագծի Սահմանադրությանը համապատասխանության հարցը և ոչ թե Սահմանադրության այս կամ այն հոդվածին համապատասխանության հարցը:

Հ.Գ. Սահմանադրական դատարանի հարցը արդեն գցել եք ոտքներիդ, ինչի՞ եք ուզում անպայման ընկնի գլխներիդ։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը