Քաղաքական

03.06.2020 18:20


Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել (տեսանյութ)

Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ հրավիրել (տեսանյութ)

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երկիրը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագույն սպառնալիք են պետության ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգության համար: Կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, իսկ հաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղություններով առկա է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է հանգեցնել համընդհանուր աղետի ու անդառնալի կորուստների:

Իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված վիճակի համար, ուստի պետք է այս ծանր պահին զերծ մնա անօգուտ, ժամանակավրեպ օրակարգերից և զբաղվի երկրի համար թիվ մեկ հարցով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փաստելով կառավարության ձախողումն ու անկարողությունը՝ պահանջում ենք մինչև ներկայիս արտակարգ դրության ժամկետի ավարտը գումարել Ազգային ժողովի հատուկ նիստ` հետևյալ օրակարգով՝

  1. քննարկել և ամբողջական գնահատական տալ առկա իրավիճակին,
  2. սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատվության կանչել ձախողած բոլոր պաշտոնատար անձանց,
  3. գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդյունավետ ձևով կկասեցնեն համավարակի տարածումը և կկանգնեցնեն տնտեսության փլուզումը:

Երկրի և ժողովրդի շահը վեր է ամեն ինչից։ Պահի լրջությունը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղետի կանխմանը:

Իշխանությանը ևս մեկ անգամ կոչ ենք ենք անում սթափվել և առաջնորդվել համազգային շահերով։

Դուք եք իրավիճակի հետագա վատթարացման միակ մեղավորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարավոր հետևանքներով:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

03.06.2020 թ.

Այս խորագրի վերջին նյութերը