Կարծիք

03.06.2020 20:47


Կրկին հովանոց վաճառելու եղանակ է

Կրկին հովանոց վաճառելու եղանակ է

Ճապոնական ասացվածք կա. “Ով` ով, բայց հովանոց վաճառողը գոնե թող չբողոքի անձրևային եղանակից”:

Կանխատեսելի է, որ շուտով ականատես ենք լինելու ներկայիս իշխանության մեջ բավական հարմարավետ տեղավորված շատ գործիչների հայտարարություններին ու ֆեյսբուքյան գրառումներին առ այն, թե ներկա իշխանությունը ինչ ահավոր սխալներ է թուլ տվել, որ ոմանք ինչքան են օգտվել իրենց բառերով ասած իշխանության կերակրատաշտից, թե ղեկավարները որքան անհեռատես են եղել` չլսելով իրենց կառուցողական ու հանճարեղ մտքերը:
Սուտ են ասելու:
Որովհետև նման ստեր հիմա էլ ասողներ շատ կան` նախորդ իշխանության ու ղեկավարության մասին: Այդպիսի տեսակ կա` ընդ որում ամենուր, որը ոչ համարձակություն ոչ էլ սկզբունքայնություն է ունեցել սեփական տեսակետը հայտնելու օրվա իր ղեկավարին` պետության, հիմնարկի, կուսակցության կամ այլ: Ավելին` ոչ միայն չի հայտնել իր տարաձայնությունները, այլև բամբասել ու վատաբանել է նրանց, ով համարձակություն ունեցել է անհամաձայնություն հայտնել: Որովհետև ղեկավարին քծնելը, նրա քիմքին հաճելի բաներ ասելը, ամեն ինչում համաձայնելը դիտարկել է որպես աչքը մտնելու, կարիերա անելու, և դրա շնորհիվ նպաստավոր դիրք ստանալու միջոց:

Ուրեմն թող հիմա, հետին թվով չբողոքեն անձրևային եղանակից, քանզի միայն դրա շնորհիվ են հաճախ կարողացել վաճառել իրենց հովանոցները:
Ու հատկանշական է, որ նման ինքնադրսևորումները լինում են խիստ որոշակի պահերի՝ երբ իշխանություն ու ղեկավարություն է փոխվել կամ մոտ է փոխվելուն: Այսինքն` կրկին "հովանոց վաճառելու եղանակ" է:

Իրոք սկզբունքային մարդիկ, ովքեր միշտ ասել են ինչ մտածում են, այսօր գլուխ չեն գովում իրենց համարձակությամբ ու սկզբունքայնությամբ, որովհետև սկզբունքայնությունը լուրջ պետական, քաղաքական, կուսակցական գործիչի, ընդհանրապես` լուրջ մարդու պարագայում պարզապես բնական հատկանիշ է: Ցավոք`մեր իրականության մեջ հաճախ ոչ միայն կարիրայի աճին չնպաստող, այլ հակառակը` արգելակող ու խոչնդոտող հատկանիշ: Բայց սկզբունքային մարդը սկզբունքային է միշտ, այլ ոչ միայն "անձրևային եղանակներին":

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը