Կարծիք

03.06.2020 23:22


Կառավարության համար եկել է բազմաթիվ պրոբլեմների հետ առերեսվելու ժամանակը

Կառավարության համար եկել է բազմաթիվ պրոբլեմների հետ առերեսվելու ժամանակը

Այսօր վարչապետի լայվը, կորոնավիրուսի դեմ ձախողվող պայքարում մեղավորների փնտրտուքի ու անհատական պատասխանատվության մասին էր։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ մեր ժողովուրդը կարգուկանոն չի պահում, որ ժողովուրդը կառավարության ու պարետատան որոշումներին չի ենթարկվում, և չի հարգում դրանք։ Իսկ առանց դրա՝ վիրուսի դեմ պայքարը չի հաջողվելու։ Բոլորս պետք է պատասխանատվություն վերցնենք՝ առանց բացառության։

Վստահ եմ, որ սա գիտակցում է յուրաքանչյուր մարդ, թեկուզև բնազդաբար։ Գիտակցում է, որ վարակը վտանգավո՜ր է, բայց պահանջներին չի հետևում, ինչո՞ւ։ Իսկ մի գուցե չի՞ հավատում կամ չի՞ վստահում։ Գուցե սոցիալական բեռն ավելի՞ ծանր է, քան վարակի վտանգը։ Իսկ գուցե՞ մարդիկ ընդհանրապես ապագայի համար են սկսել անհանգստանալ։

Սովորաբար նորմալ մարդը խուսափում է վախի, անորոշության ու անկայունությունների մթնոլորտից։ Վիրուսի ստեղծած վախն ու անկայունությունները՝ մտածող մարդկանց մոտ բազում այլ հարցեր են առաջ բերում։ Սեփական դատողությունների պակաս մեր ժողովուրդը երբեք չի ունեցել։

Միայն մանիպուլիացիայի ենթարկված մարդիկ են ապրում ուրիշի ուղեղով։ Փաշինյանը ցանկանում է, որ մարդիկ շարունակեն ապրել իր պատկերացրածով։ Որ ինչպես մի ժամանակ էր՝ 8։15 փողոցները փակեն, 9։30 դատարանները փակեն, 10։20 հավաքվեն հրապարակում, երբ ասեն՝ գոռան դըմփ, դըմփ հու, երեկոյան 20։00 շերեփ խփեն և այլն։ Բայց դա մի փուլ էր մեր կյանքում, որն անցավ։ Հիմա շատ մարդիկ իրատես են, ու պրագմատիկ։ Իսկ դա նշանակում է, որ կառավարության համար եկել է բազմաթիվ պրոբլեմների հետ առերեսվելու ժամանակը։ Այնինչ կարելի էր խելացի լինել, և խուսափել շատ ու շատ խնդիրներից։

Մարդիկ հազար ու մի դարդեր ունեն, որոնց դեմ նույնիսկ կորոնավիրուսը ոչինչ անել չի կարող։ Եվ այդ խնդիրների լուծման իրենց մեթոդները հաճախ նաև անտեսում են համավարակի պահանջները։

Ցավալի է, բայց փաստ։

Հ.Գ. Այնուամենայնիվ, դիմակդ դիր սիրելի՛ հայրենակից։ Դա անհրաժեշտ է, և ոչ բավարար։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը