Կարծիք

04.06.2020 09:32


Հանրային անհնազանդությանը գրեթե ոչինչ չի մնացել

Հանրային անհնազանդությանը գրեթե ոչինչ չի մնացել

Պարետատան վերջին որոշումներից մեկի համաձայն բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Լուրը տեսա Facebook-յան պաշտոնական էջում, կարդացի օգտատերերի մեկնաբանությունները, հետո այլ էջերում էլ նույն լուրի մասին մարդկանց կարծիքին ծանոթացա ու հասկացա, որ հանրային անհնազանդությանը գրեթե ոչինչ չի մնացել։ Ավելի ճիշտ՝ անհնազանդությունն արդեն փաստացի կա, բայց այն դեռ հայտարարված չէ։ Այդ հայտարարությանն է ոչինչ մնացել։ Եվ այդ ամենի պատճառը՝ Կառավարության ու պարետատան անտրամաբանական որոշումներն են։

Տպավորություն կա, որ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են մարդկանց էլ ավելի լարելու, նրանց համբերության բաժակը լցնելու համար։ Ինչո՞ւ է դա արվում։ Ես չգիտեմ։ Արդեն կասկածում եմ, որ պատահականություն չէ դա, այլ ծրագրավորված քաղաքականություն։ Հետո էլ Facebook-յան լացակումած լայվերով վարչապետն ուզում է համոզել, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ժողովուրդն է, որովհետև անկարգապահ է ու որովհետև իր պես մարդուն երկրի ղեկավար է կարգել։ Այս վերջինի հետ, իհարկե, դժվար է չհամաձայնվել։

Բայց իրավիճակն իսկապես օրհասական է. Կորոնավիրուսից ավելի շատ մեր հանրությանն այսօր սպառնում է իշխանության որոշումներում տրամաբանության բացակայությունը։ Ու հիմա արդեն մեծ հարց է, թե ով ում ձեռքը ավելի շուտ կգժվի՝ վարչապե՞տն՝ «անկարգապահ ժողովրդի», թե՞ ժողովուրդը՝ Փաշինյանի անտրամաբանական որոշումների։ Էլ չեմ խոսում այդ որոշումներն ի կատար ածող պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասին։

Մի պարզ օրինակ։ Նախորդ գիշեր ոստիականական ուժերի օգնությամբ փակվել է Մեյմանդարի հայտնի շուկան։ Այսօր երեկոյան քաղաքի միրգ-բանջարեղենի խանութներն արդեն կիսադատարկ էին։ Մարդիկ, ովքեր ամեն օր առևտուր էին անում այդ խանութներից, ստիպված գնացին մեծ հանրախանութներ, որտեղ բանջարեղենի առաքումը նորմալ է ընթանում։ Երեկոյան արդեն կարելի էր հերթեր տեսնել մեծ խանութների համապատասխան բաժիններում։ Հիմա հարց՝ ի՞նչ խնդիր է լուծել Մեյմանդարի շուկան փակող պարետատունը։ Միթե՞ հնարավոր չէր այլ լուծումներ գտնել, թեկուզ մասնակի փակել կամ ժամեր պայմանավորվել… մի խոսքով, այնպես անել, որ բանջարեղենի և մրգեղենի մատակարարումը Երևանի խանութներ չդադարեր։ Որ ամբողջ քաղաքը հանրախանութներում հերթ չկանգներ։ Իհարկե հնարավոր էր։ Եթե իշխանությունները փորձեին տրամաբանել։

Բայց չկա տրամաբանություն, չկա նաև քաղաքացիների հնազանդություն։ Իսկ հաջորդ քայլն արդեն ըմբոստությունն է, որի նշաններն, ի դեպ, արդեն կան։ Դրա համար, հարգելի իշխանություններ, վերջ տվեք պոպուլիզմին, անիմաստ սպառնալիքներին ու մեծամտությանը և փորձեք հաշվարկել ձեր որոշումների հետևանքները։ Թե չեք կարող, ուրիշներին հրավիրեք, թող իրենք անեն։ Բայց վերջ տվեք էս անպատասխանատվությանն ու անտրամաբանական որոշումներին։ Դրանց հետևանքը շատ ծանր է լինելու ու արդեն զգացնել է տալիս իր մասին։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը