Կարծիք

05.06.2020 14:55


Բադասյանի քայքայիչ «բարեփոխումները»

Բադասյանի քայքայիչ «բարեփոխումները»

Այսօր խոսքս ուզում եմ ուղղել օրենքի պահապաններին` ՀՀ ոստիկանության աշխատակիցներին:

Հարգելիներս, համաճարակի այս ծանր օրերին դուք աշխատում եք անմնացորդ, զօր ու գիշեր, կտրված ընտանիքից ու ընկերներից, առօրյա կյանքից: Կատարելով կառավարության և պարետատան որոշումները` դուք ստուգայցերի ընթացքում հաճախ տուգանում եք քաղաքացիներին` հետևելով օրենքի տառին և այդպիսով վատամարդ դառնալով հասարակ մարդկանց աչքում:

Ձեր մասնագիտական արժանապատվությունը, սակայն, ինչպես հարկն է չի գնահատվում իշխանությունների և մասնավորապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից, ով երեկ ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտարարեց ոստիկանական համակարգում բարեփոխումներ սկսելու մասին:

Բարեփոխումները, ինչ խոսք, միշտ էլ ողջունելի են, բայց միայն մեկ դեպքում` եթե դրանք չեն ոտնահարում աշխատակիցների շահերը: Պարեկային ծառայությունում աշխատելու համար նախարարը հրավիրեց մարդկանց, կարելի է ասել, ուղղակի փողոցից, առանց բարձրագույն կրթության և համապաստախան փորձի: Ստացվում է, որ կրթություն և բազմամյա փորձ ունեցող ձեզնից շատերին հավասարեցնում են պատահական անձանց հետ, դնում մեկ մակարդակի վրա, նույնիսկ հնարավոր է` ձեզ աշխատանքից զրկելու գնով նորերին ապահովեն բարձր աշխատավարձով:

Այդպիսով կորակազրկվի թե՛ իրավապահ համակարգի աշխատանքը, թե՛ բազմաթիվ ոստիկաններ դուրս կմղվեն իրենց հոգեհարազատ ոլորտից` մնալով առանց ապրուստի միջոցների:

Այստեղ հարկ է, որպեսզի դուք խորհեք` ում շահերն է պաշտպանում նախարար Բադասյանը և ինչ նպատակներ է հետապնդում նմանօրինակ լայվերով: Ոչ մի քաղաքակիրթ երկրներում բարեփոխումներն այդքան անգրագետ և քայքայիչ կերպով չեն իրականացվում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը