Տնտեսական

05.06.2020 15:55


Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն

Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2020 թվականի պետական բյուջեի՝ նախատեսված դեֆիցիտը ֆինանսավորել թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. Արժույթի միջազգային հիմնադրամի հետ որոշակի գումարի շրջանակում արդեն կա պայմանավորվածություն, մնացածը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:

Նախարարը հիշեցրեց, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված 2020 թվականի բյուջեի համար ԱԺ-ին առաջարկել էին նախատեսված 162 մլրդ դրամի դեֆիցիտի փոխարեն ֆիքսել մոտ 324 մլրդ դրամը: «Ապրիլին հրապարակված տեղեկատվության համաձայն ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության անկումը կլինի շուրջ 3.5 տոկոս: ԵՄ-ի համար կանխատեսվում է շուրջ 7.5 տոկոս անկում, իսկ ՌԴ-ի համար՝ 5.5 տոկոս անկում: Դա ենթադրաբար չի կարող իր արտացոլումը չգտնել մեր՝ այս տարվա սպասումների տեսակետից: Եվ այդ 324 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում մենք գնահատեցինք, որ հայտարարված հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է ներգրավել շուրջ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ»,-ասաց նախարարը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել, այդ միջոցները կօգտագործվեն պետական բյուջեի կարիքները բավարարելու համար: «Ընդհանուր առմամբ 280 մլն դոլարն արդեն հասանելի է: Բայց 35 մլն դոլարն էլ հասանելի կլինի աշնանը սպասվող ծրագրի երրորդ վերանայման արդյունքներով: Ակնկալվում է, որ տարբերությունը մենք կֆինանսավորենք ներքին շուկայում պետական լրացուցիչ պարտք թողարկելու ճանապարհով»,-ասաց Ջանջուղազյանը:

Պետության գնահատմամբ՝ կա այդ պոտենցիալը: «Մեր կարծիքով՝ վստահությունը բավականին խորն է, և տեղական ներդրողների հետ մեր համագործակցությունն արդեն տասնամյակների պատմություն ունի: Դրա շրջանակում մենք ակնկալում ենք, որ տարբերութունն ամբողջությամբ հնարավոր կլինի ֆինանսավորել ներքին աղբյուրներից պարտքի թողարկման ճանապարհով»,-ասաց նախարարն ու նշեց՝ դիտարկում են նաև այլ աղբյուրներ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների շրջանակում:

Նախարարը վստահեցրեց նաև, որ ներկա վարկանիշը թույլ է տալիս նաև մտածել միջազգային ֆինանսական շուկայում եվրապարտատոմսեր թողարկելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը