Քաղաքական

10.06.2020 11:28


Ուժայինների ղեկավարների փոփոխությունները չեն ավելացնում Փաշինյանի կողմնակիցների թիվը բյուրոկրատիայի շարքերում․ Կոլերով

Ուժայինների ղեկավարների փոփոխությունները չեն ավելացնում Փաշինյանի կողմնակիցների թիվը բյուրոկրատիայի շարքերում․ Կոլերով

«Հայաստանում առջևում նոր հրաժարականներ են»,-այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանում և հայ-ռուսական հարաբերություններում նկատվող միտումներին ու ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական մտադրություններին։

Կարճ խոսելով վերջին օրերի ՀՀ ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ նախօրեին ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից՝ Մոդեստ Կոլերովը հիշեցրեց ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Դանտոնի հայտնի արտահայտությունը․ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։

Նրա գնահատմամբ՝ այն, որ Փաշինյանի կողմից նշանակված ուժային կառույցների ղեկավարները ևս հեռացվեցին, նորմալ տրամաբանություն է հեղափոխական իշխանության դեպքում։

«Շատ հազվադեպ է պատահում, երբ հեղափոխական իշխանությունը կարողանում է 1-2 տարուց ավելի գոյատևել՝ առանց կադրային փոփոխությունների։ Առջևում նոր հրաժարականներ կլինեն, դա նորմալ է նման իշխանության դեպքում։ Սակայն այլ հարց է, որ նմանատիպ հեռացումները և հրաժարականները չեն ավելացնում Փաշինյանի կողմնակիցների թիվը բյուրոկրատիայի շարքերում»,-ասաց Մոդեստ Կոլերովը։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին, ռուս վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը ցանկացած կոալիցիայում լինելու է երկրորդական, ինչը նշանակում է, որ առաջնորդ լինելը նոր իշխանության դեպքում նրա համար դժվար է լինելու։ Սակայն, ըստ Կոլերովի, նրա հակառակորդները նրան լուրջ են գնահատում, հենց այդ պատճառով նրա դեմ սկսեց շրջանառվել կոմպրոմատ, դա նշանակում է, որ նրա քաղաքական ակտիվությունը լրջորեն անհանգստացնում է իր հակառակորդներին։ «Ծառուկյանը, որպես հարուստ գործիչ, «համեղ», հետաքրքիր գործընկեր է ցանկացած քաղաքական ուժի համար։ Թե որքան արդյունավետ կարող են լինել նոր ճակատները՝ ժամանակը կարող է ցույց տալ»,-նշեց Կոլերովը։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության մասին խոսակցություններին և գազի հարցում Փաշինյան-Լուկաշենկո տանդեմին, Կոլերովն ասաց․ «Լուկաշենկոն օգտագործում է Փաշինյանին Մոսկվայի հետ իր առևտրի համար։ Կարծում եմ, որ Փաշինյանը դա հասկանում է, ուստի որակել այդ օգտագործման գործընթացը տանդեմ՝ ես չէի փորձի։ Դա տանդեմ չէ, այլ մանիպուլյացիա, և դրանում ոչ մի լավ բան չկա Փաշինյանի համար։ Լուկաշենկոն իրեն դրսևորել է՝ որպես անհուսալի, փոփոխական, անկայուն գործընկեր, ուստի, եթե հանկարծ Հայաստանում որևէ մեկը կարծում է, որ Լուկաշենկոն կարող է գործընկեր լինել իր համար, խորապես սխալվում է»։

Մանրամասները՝ 168․am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը