Քաղաքական

11.06.2020 15:33


Քայլում ենք դեպի դժոխք. Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում. Lenta.ru կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային ծանր վիճակին

Քայլում ենք դեպի դժոխք. Հայաստանը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում. Lenta.ru կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային ծանր վիճակին

Հայաստանն ունի բոլոր շանսերը հայտնվելու այն երկրների ցանկում, որոնք պարտվել են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին ասվում է ռուսական Lenta.ru կայքում հրապարակված Էլեն Բաբայանի «Քայլում ենք դժոխք» վերնագրով հոդվածում, որում հեղինակն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային ծանր իրավիճակին:

Երկրում կրկին նկատվում է վարակման դեպքերի պայթյունավտանգ աճ, կտրուկ աճել է ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը, սպառվում են առողջապահական համակարգի ռեսուրսները: Իսկ իշխանությունները սահմանափակվում են զուտ նրանով, որ սոցիալական ցանցերում ամոթանք են տալիս մարդկանց` դիմակ չկրելու համար: Իսկ քաղաքացիները չեն շտապում ամաչել, քանի որ համաճարակի հենց սկզբից էլ ոչ ոք չէր վերահսկում համաճարակային անվտանգության կանոնների պահպանումը: Բացի այդ, շատերը հավատում են կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններին, որոնք տարածվում են պաշտոնական լրատվամիջոցների և հարգված հասարակական գործիչների կողմից:

Որտեղից չէին սպասում

Էլեն Բաբայանը գրում է, որ մայիսի 20-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի գրանցված թիվը 5606 էր, իսկ արդեն հունիսի 10-ին` 14 103: Նույն ժամանակաշրջանում կտրուկ աճել է նաև մահվան դեպքերի թիվը` 160-ից հասնելով 227-ի: Այս ժամանակաշրջանում ևս 77 մարդ, չնայած որ վարակված է եղել կորոնավիրուսով, «մահացել է այլ պատճառներով»: Թե ինչ «այլ պատճառներ» են դրանք և ինչու է դրանց հետևանքով այդքան շատ կորոնավիրուսով վարակակիր մահանում, ոչ ոք չի բացատրել:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում համաճարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թվի 70%-ը բաժին է ընկնում վերջին 3 շաբաթներին:

Սակայն, ըստ հոդվածագրի, հիմքեր կան մտածելու, որ իրավիճակը շատ ավելի վատ է, քան դա ներկայացվում է պաշտոնական թվերով: Օրինակ՝ հունիսի 1-ին Հայաստանում անցկացվել է 1249 թեստավորում, որի գրեթե կեսը դրական արդյունք է տվել: Այսպես թե այնպես Հայաստանում օրվա ընթացքում 2000-ից ավելի թեստավորում չի անցկացվում ռեսուրսների պակասի պատճառով: Ինքը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսի 7-ին «վերլուծական տվյալներ» էր հրապարակել, ըստ որի Հայաստանում այդ պահին կար 100 000 վարակակիր: Ավելի ուշ վարչապետն այդ գրառումը խմբագրել է և այդ տվյալները հեռացրել:

Իրավիճակի վատթարացման համար իշխանությունները միանգամից մեղադրել են քաղաքացիներին, Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդը զանգվածային կերպով չի հետևում անվտանգության կանոններին, մանավանդ` Երևանում: Իրավախախտների դեմ վարչապետը պայքարում է նույն Facebook-ի օգնությամբ` պարբերաբար հրապարակելով փողոցում դիմակներ չկրող և սոցիալական հեռավորություն չպահպանող մարդկանց լուսանկարները: Նա նաև կոչ է անում այլ մարդկանց միանալ այս «հակահամաճարակային զանգվածային շարժմանը»: Իշխանությունները դեռևս չեն պատրաստվում որևէ այլ միջոցառում ձեռնարկել: Փաշինյանն արդեն ակնարկել է, որ իրավապահ մարմինները չեն պայքարելու համաճարակի դեմ, քանի որ «չկա այդպիսի ուժային կառույց», որը կարող է լուծել խնդիրը:

Բաց թողնված հնարավորություններ

Վիրուսն առաջին իրական խնդիրն էր, որի մեղքը Փաշինյանի թիմը չկարողացավ գցել նախկին իշխանությունների վրա: Սկզբում նրանք համակարգված կերպով հերքում էին կորոնավիրուսի վտանգը և փորձում էին ամեն ինչ կատակի տալ: Այդ ժամանակ երկրում վերևից սկսված կարևոր քաղաքական գործընթացներ էին ընթանում, ինչպիսին, օրինակ, Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունն էր, իսկ կորոնավիրուսը կարող էր դրան խանգարել:

Առողջապահության նախարարը կրկնում էր ԱՀԿ-ի պաշտոնական տեղեկատվությանը հակասող իր հայտարարություններն այն մասին, որ վիրուսը վտանգավոր չէ: Արսեն Թորոսյանը ոչ միայն խոսքով, այլև գործով աչքի ընկավ: Մայիսի 7-ին նրան լուսանկարել են սրճարանում, անհայտ մարդկանց հետ, առանց դիմակի ու որևէ պաշտպանական միջոցի:

Վարչապետն ինքն էլ վատ օրինակ է ծառայել հայրենակիցներին: Ուղիղ եթերներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ «կորոնավիրուսով առանց ախտանիշի վարակվելը հավասարազոր է բնական պատվաստմանը» և ինքն էլ կցանկանար դրա միջով անցնել: Մայիսի վերջին Փաշինյանն ու իշխանավորներն աչքի էին ընկել Ղարաբաղում հանդիսավոր ընթրիքի ժամանակ` խախտելով ամեն բան, ինչ հնարավոր է խախտել համավարակի ժամանակ: Ի դեպ, այնտեղ եղել են նաև մատուցողներ, իսկ Փաշինյանը հենց մատուցողներին էր մատնանշել որպես իր վարակման պատճառ:

Չհաջողված արգելափակումը

Զարմանալի չէ, որ մարտին Հայաստանում հայտարարված երկշաբաթյա խիստ կարանտինը և մյուս սահմանափակումները տնտեսությանը հարվածելուց բացի ոչ մի օգուտ չտվեցին: Կարանտինի ռեժիմը խախտողների նկատմամբ ոչ մի զգալի պատժամիջոց չի ձեռնարկվել, իսկ ոստիկանությունը եթե զբաղվեր ամեն մի իրավախախտով, պետք է ձերբակալեր երկրի բնակչության կեսին:

Ազգային աղետի մասին Փաշինյանի տագնապալի հայտարարություններից հետո ոստիկանությունը կտրուկ դուրս եկավ լիակատար անգործության վիճակից և անցավ արդեն այլ ծայրահեղության: Այժմ փողոցներում 4-5 հոգով քայլող մարդկանց կանգնեցնում են, ձեռքերը ոլորում, գետնին են տապալում, սկսում են խեղդել, մինչ վերջիններս գոռում են: Ցավոք, նրանք հաշվի չեն առնում իրենց ամերիկացի գործընկերների տխուր փորձը, որն ԱՄՆ-ին կանգնեցրեց ռասայական պատերազմի շեմին:

Սովորական ամերիկացիների պես, հայերը, բացի ոստիկանության կամայականություններից, վրդովվելու այլ բան էլ ունեն: Երկրում սահմանափակումներ մտցնելու առաջին փորձի ժամանակ սոցիալական և տնտեսական իրավիճակից դժգոհ մարդկանց տեղային բողոքի ցույցեր անցկացվեցին: Արդյոք հայկական փխրուն տնտեսությունը կկարողանա՞ վերապրել երկրորդ արգելափակումը, դժվար է ասել:

Իշխանությունը մեղադրում է ժողովրդին, ժողովուրդը մեղադրում է իշխանություններին, բայց սա չի փոխում պատկերը: Երկու կողմն էլ մեղավոր են, և երկուսն էլ չեն ցանկանում գոնե ընդունել իրենց սխալները, էլ ինչ խոսենք դրանք շտկելու մասին: Մինչդեռ, կորոնավիրուսային թեստերի 30-40 տոկոսն ամեն օր դրական արդյունք է ցույց տալիս: Այս թվերը ցույց են տալիս առողջապահական համակարգի փլուզումն ու այլ շատ վատ հետևանքներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը