Կարծիք

12.06.2020 23:00


«Ժողովրդավարության բաստիոն» տիտղոսն այսօր կնքեց իր մահկանացուն

«Ժողովրդավարության բաստիոն» տիտղոսն այսօր կնքեց իր մահկանացուն

Ոստիկանության այսօրվա ռեպրեսիվ գործողությունները ցույց տվեցին, որ կորոնավիրուսը գործող իշխանության համար ընդամենը պատրվակ է և առիթ՝ մարդու հիմնարար իրավունքները կոպտորեն ոտնահարելու, հակառակ կարծիք ունեցողներին լիկվիդացնելու և դրանով իսկ Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու համար: Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, ես՝ «Խեղափոխության» թիմի հետ միասին, «Վետո»-ի երկու աղջիկները մի քանի ժամվա ընթացքում հայտնվեցինք ոստիկանական տարբեր բաժիններում և պահվեցինք մի քանի ժամ:

Ինձ ու ընկերներիս մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, մինչդեռ ոչ մի ոստիկան ոչ մի հոդաբաշխ պահանջ մեզ չէր ներկայացրել: Ակնհայտ է, որ այս ամենը խիստ նպատակային էր և ուներ ոչ թե օրինական կարգը պահպանելու, այլ ընդդիմադիր ակտիվիստներին ահաբեկելու նպատակ:

Այս համոզմունքս վերջնականապես ամրապնդվեց, երբ ոստիկանության կողմից մեր պատանդառության ժամանակահատվածում Ազգային ժողովի ամբիոնից հոխորտաց վարչապետի աթոռը զբաղեցնողն ու հայտարարեց, թե բա՝ որոշ ուժերի հետ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը այնպես պետք է վարվեն, որ ծպտունները դուրս չգա:

Ահա թե ինչ: Փաստորեն, ապաշնորհ ու անտաղանդ կառավարիչն արդեն չի էլ թաքցնում, որ քաղաքական հաշվեհարդար է տեսնում յուրաքանչյուրի հետ, ով կհամարձակվի իրեն քննադատել կամ պահանջել իր հրաժարականը: Փաստորեն, «ժողովրդավարական բաստիոն» տիտղոսն այլևս կնքեց իր մահկանացուն, և սահուն անցում ենք կատարում դեպի 1937 թվական, որտեղ Փաշինյանն իրեն դրել է Լավրենտի Բերիայի տեղը: Եվ իր այդ քստմնելի ծրագիրն իրագործելու համար նա իր ձեռքի խաղալիք է դարձրել պետական ուժային կարևորագույն կառույցները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը:

Սա, ըստ էության, պատերազմ է սեփական ժողովրդի դեմ, որը կարող է ունենալ խիստ անցանկալի և արյունոտ շարունակություն:

Սա այն պահն է, որ ամբողջ ժողովուրդը պետք է սթափվի: Իշխանությունը զավթած ուժն արդեն անցնում է բարոյականության և օրինականության ռուբիկոնը:

Մեզ՝ ընդդիմադիրներիս, նման մեթոդոլոգիայով հնարավոր չի լինելու լռեցնել: Նիկոլն ինքը շատ լավ գիտի ու հիշում է, որ ինձ, Արթուր Դանիելյանին, Նարեկ Սամսոնյանին, Նարեկ Մալյանին և մյուսներին նույնիսկ 2018-ի գարնան ռեպրեսիվ գործողությունները չկարողացան ստիպել նահանջել պայքարից, մի՞թե հիմա պետք է ընկրկենք ու հետ քաշվենք: Ի տարբերություն քայլարածների՝ մենք գիտեինք և այսօր էլ գիտենք, թե ինչ արժեքների համար ենք պայքարում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ուշի-ուշով և սրտացավությամբ հետևում էին այսօրվա դրամատիկ իրադարձություններին: Միաժամանակ ուզում եմ կոչ անել ուժային կառույցների ղեկավարներին ու ասել՝ պարոնա՛յք, դուք ի պաշտոնե կոչված եք ծառայելու հայ ժողովրդին, այլ ոչ թե բավարարել բռնապետական հակումներով անձի քմահաճույքը: Ուշքի՛ եկեք և կանգնեք ժողովրդի կողքին՝ առաջ տանելով նրա շահն ու անվտանգությունը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը