Կարծիք

14.06.2020 13:32


Փաշինյանը չի սիրում խելոքներին՝ ոչ իր կողքին, ոչ էլ ժողովրդի մեջ

Փաշինյանը չի սիրում խելոքներին՝ ոչ իր կողքին, ոչ էլ ժողովրդի մեջ

Համաձայնեք՝ որքան էլ տնտեսագետները կոկորդ պատռեն՝ ֆիսկալ քաղաքականության ձախողման կամ անօգուտ ներդրումային քաղաքականության մասին խոսելով, սովորական քաղաքացու համար շատ դժվար է այդ խոսքերին հավատալը, երբ նա տեսնում է, որ վերջապես վերանորոգվել է իր տուն տանող միակ ճանապարհը, իսկ իր որդին բանակի ճաշարանում ելակ է կերել: Հենց այսպիսի այժմեական էֆեկտ տվող PR հնարքներով ու նախկինների հանդեպ ատելություն գեներացնելով էլ՝ Փաշինյանը պահպանում է իր ընտրազանգվածը, որը ցավոք չի հասկանում, որ իրականում «մեր գործերը լավ չեն»: Ու որքան էլ այսօր Փաշինյնաին քննադատեն բոլոր կողմերից, միևնույն է, մարդկանց դեռ հսկա զանգված նախկինների վերադառնալու մտքից սարսափած ու մեկքայլանի PR կոմբինացիայից տպավորված՝ ասում է՝ կեցցե՛ Փաշինյանը: Ուստի թույլ կտամ պնդել, որ ֆրազը, որ Փաշինյանն այլևս վարկանիշ չունի, ավելի շատ այն արտաբերողի անկեղծ ցանկությունն է, քան ճշմարտություն: Ռեյթինգի զգալի անկում եղել է, իհարկե, հեղափոխական էյֆորիան էլ չկա, Փաշինյանն էլ ամեն օր արագացնում է այդ պրոեցեսը՝ մի օր Ծառուկյանի տուն ԱԱԾ ուղարկելով, մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելով, երրորդ օրն էլ փողոցում իր հաճելի ձայնը միացնելով, բայց դեռ կա կայուն զանգված, որը իշխանությունների ձախողումների դեպքում ասում է՝ դե, բոլորն էլ սխալվում են, իսկ իշխանավորի՝ հայտարարագրված եկամուտին անհամահունչ շքեղ գույքային ձեռքբերման դեպքում մեկնաբանություն գրում՝ բարո՜վ վայելեք, արժանի եք:

Հեռու եմ նաև այն մտքից, որ ներկա ընդդիմությունը կարողանում է արդյունավետորեն խոսել այդ մարդկանց հետ ու իր մտքերը ճիշտ տեղ հասցնել: Մարդկանց մի հսկա զանգված ներկա գործիչներին պարզապես չի լսում, որքան էլ նրանց խոսքը ամեն օր ավելի բարձր հնչի: Պատճառը՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր ընդդիմադիրներին հայտարարել է բացիլ, աղբ, որը պետք է գցել աղբամանը ու որին լսել չի կարելի: Դե նրանք էլ չեն լսում, ինֆորմացիան ստանում են մեկ կետից ու մտածում, որ մնացած ամեն ինչ սուտ է: Արդյունքում՝ ընդդիմության՝ օրեցօր սրվող հռետորաբանությունը ոչ թե նպաստում է մարդկանց գաղափարական լուսավորչությանը, այլ գերլարում առաջացնում ճամբարներում, որը մի օր կարող է պայթել: Իսկ որպեսզի ամեն ինչ խաղաղ լինի, կամ դո՛ւ, սիրելի՛ քաղաքացի, վաղը չհիասթափվես ու չփոշմանես այսօրվա մաքսիմալիզմիդ համար, այսօր պետք է սովորես լսել, համեմատել, տարբերակել:

Լսել, թե ինչու է Արթուր Վանեցյանը խոսում պետականությանը սպառնացող վտանգներից: Լսել, թե ինչ է Կարեն Բեքարյանն ասում դիվանագիտական ֆրոնտում մեր խնդիրների վերաբերյալ ու մտածել, թե ինչու է ասում, որ, օրինակ, խորհրդարանական դիվանագիտությունը ձախողել ենք: Հասկանալ՝ ինչո՞ւ է Ռուբեն Մելիքյանը, տան փափուկ բազկաթոռը թողած, ամեն օր փողոցում քեզ պես մարդկանց իրավունքներից խոսում: Ուսումնասիրել՝ այս շաբաթ ի՞նչ բացահայտում է արել Դավիթ Խաժակյանը ու քաղաքապետարանի ի՞նչ հերթական խնդիր է ջրի երես հանել: Հասկանալ, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը պնդում, որ սխալ է ոլորտների նախարարներ նշանակել այդ ոլորտներում ոչ մի օր չաշխատած մարդկանց, ու ինչու՞ է Ավետիք Չալաբյանն անընդհատ գրում, որ կորոնավիրուսի դեմ սխալ ենք պայքարում:

Դու ու քո ընկերները գիտեք, իհարկե, որ ավելի հեշտ է այս բոլոր մարդկանց պիտակավորելը, քան լսելը: Բայց ես կհամաձայնեմ քո այդ չլսելուն, եթե խոստանաս, որ ամիսներ անց հեղափոխությանը մասնակցած որոշ ընկերներիդ նման չես ապաշխարելու ու ասելու, որ քեզ խաբել են ու հիասթափված ես:

Իսկ նման բան լինելու է, որովհետև ամբողջական ոլորտներ ու համակարգեր են ձախողված, որի մասին այսօր անզորությունից գոռում է ընդդիմությունը, իսկ դու, ցավոք, կիմանաս վաղը: Օրինակ՝ երբ քո լույսը թանկանա, կիմանաս, որ քո ամենասիրելի ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը ոչ թե ասֆալտապատող ընկերության տնօրեն է, այլ գերնախարար, ով ղեկավարում է նաև էներգետիկ ոլորտը, երբ ոչ մեկ, ոչ երկու, ոչ էլ երեք տարուց չկարողանաս թռչել Հունաստան, կիմանաս, որ քո սիրելի Տաթևիկ Ռևազյանը ոլորտից ընդհանրապես չէր հասկանում: Երբ փողոցում թքողների քանակը գերազանցի թատրոն գնացողների քանակին, կիմանաս, որ Արայիկ Հարությունյանը նաև ղեկավարում է մշակույթի ոլորտը, որի մասին մոռացել է: Դու շա՜տ բան կիմանաս, բայց մինչ այդ պետք է լսել սովորես: Չե՛ն կարող բոլորը սրիկա ու ռևանշիստ լինել, իսկ միայն մեկը ճիշտ: Կա՞ն Փաշինյանի ընդդիմախոսների մեծ ռևանշիստներ, կարծում եմ՝ այո: Քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նոր ձևավորված, կարո՞ղ են լինել ռևանշիստ:

Պետք չէ միանգամից վստահել այս մարդկանց, քավ լիցի, քո վստահությունը շատ անգամներ է դավաճանվել: Սկզբի համար բավարար է, որ չպիտակավորես ամեն քննադատական խոսք ասողի, քանի որ իշխանությունը քեզնից հենց դա է ակնկալում: Իսկ որպեսզի այս իշխանությունն էլ քեզ չխաբի, բավարար է, որ չլինես կույր: Երբ համաձայնում ես լինել կույր, Փաշինյանը կարող է ասել, որ աշխարհի շատ զարգացած երկրներից լավ ցուցանիշ ունենք կորոնավիրուսի մասով ու դու պետք է հավատաս դրան: Հաջորդ օրը կարող է ասել, որ դժոխքում ենք, իսկ դրա հաջորդ օրը ժպտալով կարող է ասել, որ էլ դժոխքում չենք ու ամեն ինչ լավ է ու դու երկու ասածին էլ պետք է հավատաս: Քեզ կբացատրեն, որ դու անգրագետ ես, անքաղաքավարի, չես լողանում, լվացվում, պետական կարգ չես հարգել ու չես հարգում, որ քո սեփական պետական ընկալումը չունես, չես գիտակցում, որ պետականություն ունես, ու դու դրան էլ պետք է հավատաս:

Հետո քեզ կասեն, որ քո երկրի պատմությունը երկու տարի է, ինչ սկսել է, ու դու պետք է հավատաս, որովհետև եթե չհավատաս, կլինես ազգադավ, դավաճան, դասալիք ու միանշանակ նաև դուրսպրծուկ: Առահասարակ, լավ կլինի՝ իմանաս, որ հիմա դուրսպրծուկություն ու դավաճանություն է մտածելը:

Շատ կարևոր է, որ իմանաս, թե ցանկացած իշխանություն մարդկանց ո՞ր հատվածին է նշանակում որպես իր ժողովուրդ ու ի՞նչ մոդելով է որոշում դաստիարակել այդ ժողովրդին: Պետք է իմանաս, որ մեզ մոտ լավ քաղաքացու մոդելը կույրն է: Նրանց պետք է, որ դու կույր լինես, որ չքննադատես, անգամ, չքննարկես: Երբ երկու տարում ԱԱԾ երեք պետ փոխվի, անգամ չհարցնես, թե ինչու՞ այդպես եղավ: Որ չհարցնես՝ ինչու են վարչապետի ամենամտերիմները լքում նրան և չհետաքրքրվես, թե ինչո՞ւ են պաշտոնների նշանակվում նրա համաքաղաքացիները: Չհարցնես՝ այդ ինչպե՞ս 90 տոկոս ռեյտինգ ունեցող վարչապետը մնաց մենակ ու ինչո՞ւ է ասում, որ քաղաքականության մեջ մենակ մնալը նորմալ է:

Բայց որպեսզի լինես լավ քաղաքացի, պետք է նաև հավատաս, որ անկախացումից ի վեր ձևավորված մեր էլիտան, մեր զինվորականությունը, քաղհասարակությունը, ամեն ինչ ու ամեն ոք եղել են ծախված ու ապրել են միայն փողի համար: Որ բոլոր մարդիկ, որոնք երբևէ եղել են պաշտոնի ու աշխատավարձ ստացել պետությունից, արել են դա փողի համար ու միմիայն հանուն փողի: Ցավոք, պետք է ընդունես նաև, որ դու քիչ ես տարբերվում ոչխարից, որովհետև այդ պայմաններում գնացել ու 49 տոկոս ձայն ես տվել ՀՀԿ-ին: Ապա պետք է ընդունես, որ նաև վախկոտ ես, որովհետև հետո մի ծպտուն չես հանել, որ կեղծեցին, թալանեցին, խաբեցին:

Փաշինյանը չի սիրում խելոքներին՝ ոչ իր կողքին, ոչ էլ ժողովրդի մեջ: Ճակատագրի հեգնանքով՝ սկսել է չսիրել նաև քեզ, որովհետև անակնկալ կերպով պարզվել է, որ դու այնքան էլ կարգապահ չես ու այնքան լավը չես, որ լավ բիզնես անես, ինքն էլ դա 100 փաստում ներառի: Այսինքն՝ ուզում է՝ երբ իրեն պետք է, լինես կույր, երբ պետք է, լինես ճարպիկ ու լավ գործարար, իսկ երբ պետք չես… լռես ու հարցեր չտաս: Հիշում ես, չէ՞, որ նույն կերպ մի պահ քեզ ասում էր, որ երեք միլիոն վարչապետներից մեկն ես, իսկ հիմա, որ փնթի ես: Ի՜նչ արած՝ քո առաջնորդը փոփոխական է:

Իսկ դու գիտե՞ս, որ պետությունները քայլում են ժամանակի միջով՝ իրենց պատմության էջերը սրբագրելով: Հորինում են հաղթական քրոնիկոն կամ ուռճացնում են պատմական հաղթանակները ու սրբագրում են իրենց պատմության գորշ էջերը, որ այդ երկրում մեծացող քաղաքացին հպարտությամբ լցված ապրի ու արարի: Ռուսները պնդում են, որ մոնղոլական 300-ամյա լուծ չի եղել, ամերիկացիները հաղթական ֆիլմեր են նկարում Իրաքի ու Վիետնամի մասին, իսկ քո հաղթական էջերը նսեմացնում են, ասում են՝ որքան որ ապրել ես, եղել է սխալ, վատ, սուտ ու ամեն ինչ սկսել է Նիկոլից: Նման դեպրեսիվ պնդմանը հավատալով՝ դու կկարողանա՞ս արարել: Դու համաձա՞յն ես լինել այդ չլողացող ու անանցյալ ազգի ներկայացուցիչ:

Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը