Լրահոս

20.03.2009 18:52


Ջավախքի հասարակական–քաղաքական կազմակերպությունների հայտարարությունը

 Վերջին ժամանակներս Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների շուրջ ակտիվացել են հասարակական-քաղաքական քննարկումները: Հայտնվել են ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ, որոնք կազմակերպված ձևով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել Ջավախքում գոյություն ունեցող բուն հիմնախնդիրներից:

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները մշտապես քննարկել և բազմիցս Վրաստանի կենտրոնական իշխանությանն են ներկայացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված հայ ազգաբնակչության հետագա գոյատևումը Ջավախքում և հայ-վրացական բարեկամության ամրապնդումը:

Այս հիմնախնդիրներին են պատկանում ազգային ինքնության պահպանման, քաղաքական, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը: Մասնավորապես, մեզ համար կենսական նշանակություն ունեն.

- տեղական իշխանության մարմիններին ավելի լայն լիազորություններով օժտելը,

- վրաց պետական լեզվին զուգահեռ հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի   կարգավիճակ տրամադրելը,

- մարդու և համախումբ բնակվող ազգային փոքրամասնության իրավունքների   պաշտպանությունն ապահովելը,

- վրացական իշխանությունների կողմից տարածաշրջանում ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխությանը միտված քաղաքականության բացառումը,

- Ջավախք-Հայաստան բազմակողմանի կապերը միտումնավոր խոչընդոտելու քաղաքականության բացառումը,

- տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումների ու հալածանքների բացառումը,

- հայ-վրացական պետական սահմանի Ջավախքի հատվածում սահմանի անցման արհեստական խոչընդոտների վերացումը,

- պետական կրթական համակարգի օպտիմալ համակարգումը հայկական ազգային կրթության հետ,

- տարածաշրջանում հայկական ազգային մշակույթի պահպանման և զարգացման  միջոցառումների մշակումը և իրագործումը,

- Ջավախքում ներդրումային և հումանիտար քաղաքականությանը նպաստող  օրենսդրական փաթեթի մշակումը:

Համոզված ենք, որ առանց այս խնդիրների լուծման, Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն, և այդ պատճառով էլ մենք պայքարում ենք դրանց լուծման համար: Խնդիրները վերանում են դրանք լուծելով, ոչ թե դրանց բարձրացնողներին լռեցնելով:

Մենք համագործակցում ենք այս խնդիրները բաձրացնող և նրանց լուծմանը նպաստող բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպությունների ու անհատների հետ և պայքարելու ենք բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են անձնական նպատակներով հասարակության ուշադրությունը շեղել դրանից:

Համոզված ենք, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ համընկնում են Հայաստանի և Վրաստանի պետական շահերը:

Իսկական հայ-վրացական բարեկամություն կհաստատվի միայն բարձրացրած խնդիրների լուծման արդյունքում:

Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ'

Վիրք կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյան

Ակունք միության նախագահ Մելս Թորոսյան

Ջավախք ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյան

Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյան

Այս խորագրի վերջին նյութերը